Վարդան Այվազյանի սկանդալային խոստովանությունը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են քննարկումներ՝ Հարկային օրենսգրքի շուրջ:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը նշեց՝ համամիտ է, որ նախագծում կան որոշակի թերություններ, սակայն չի կարծում, թե պետք է հետաձգել քննարկումները:
Խոսրով Հարությունյանը շեշտեց՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են և որքան մոտենան ընտրությունները, այնքան շատանալու են նախագծի վերաբերյալ պոպուլիստական ելույթները: «Ինչքան մոտեցանք ընտրություններին, պոպուլիզմը շատանալու է, եկեք ընդունենք, որ դրա մեջ կա ճշմարտություն»,- ասաց Հարությունյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ առաջարկեց նախագիծը քննարկել, սակայն չքվեարկել, ինչպես ժամանակին արվեց Ընտրական օրենսգրքի պարագայում:
«Եթե միջազգային կազմակերպությունների համար գլխավորն այն է, որ արագ քննարկենք, ուրեմն այդ մեսիջն իրենք ստանում են», – ասաց Պողոսյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն, անդրադառնալով Թևան Պողոսյանի առաջարկին՝ ասաց. «Թևան ջան, եղբայր ջան, Ընտրական օրենսգիրքն օդից մտածած մի բան է: Աշխարհում, երևի, նմանը չունեցող նախագիծ է այն: Հարկային օրենսգիրքը 8 տարի է քննարկվել, իսկ Ընտրական օրենսգիրքը 15 օր առաջ էր բերվել»: