Կովկասի աճի ֆոնդի բաժնեմասնակցությամբ առաջին ներդրումը Հայաստանում
Ապրիլի 3-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագիրը և “Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր” (ՓՁԱՖ) կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարեցին ՓՁԱՖ-ի կողմից կառավարվող Կովկասի աճի ֆոնդի բաժնեմասնակցությամբ առաջին ներդրումը Հայաստանում:
Կովկասի աճի ֆոնդի կողմից ներդրումային համաձայնագիրը ստորագրեց գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, իսկ ապրանքների ներկրմամբ և մատակարարմամբ զբաղվող “Նյու ֆորս” ՍՊԸ-ի կողմից՝ հիմնադիր-տնօրեն Արթուր Հովակիմյանը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում բաժնեմասնակցությամբ ներդրումը “Նյու ֆորս” ՍՊԸ-ին հնարավորություն կընձեռի ընդլայնել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մուտք գործել Վրաստանի շուկա:
“Նյու ֆորս”-ի կողմից ներգրաված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են սննդային և այլ ապրանքների՝ տարածաշրջանային մակարդակով մատակարարման հարթակ ստեղծելու համար, որը թույլ կտա ներկրել տարատեսակ արտասահմանյան ապրանքներ , ինչպես նաև արտահանել տեղական արտադրանք: Դա կնպաստի հայաստանյան ընկերությունների վաճառքների և եկամուտների աճին:
“Նյու ֆորս” ընկերությունը նպատակ ունի նաև կառուցել սառնարանային տնտեսություն սառեցված ապրանքներ մատակարարելու նպատակով և ընդլայնել սառնարանային ավտոմեքենաների և բեռնատարների պարկը:
ՓՁԱՖ-ը ծրագրում է բարեփոխումներ իրականացնել “Նյու ֆորս” ՍՊԸ-ում, ինչը ներառում է, ընկերության կորպորատիվ կառավարման ընթացակարգերի բարելավում, շրջակա միջավայրի պահպանության համակարգի ներդրում և այլն: Այս քայլերի արդյունքում՝ հայաստանցի սպառողները կարող են ակնկալել տեղական և արտասահմանյան (սննդային և ոչ սննդային) ապրանքների ավելի լայն տեսականի խանութներում և սուպերմարկետներում, որոնց մատակարարումը կիրականացվի ժամանակին, էկոլոգիապես ապահով եղանակով՝ պահպանելով ապրանքների լավագույն հատկանիշները:
Միջոցառմանը ելույթ ունեցան “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ բանկիր Կարեն Բաբայանը և ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, որին հետևեց ներդրումային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում գործող խոշոր միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, Կովկասի աճի ֆոնդի բաժնետերեր, ինչպես նաև միջազգային համայնքի անդամներ, որոնք քննարկեցին Հայաստանում բաժնեմասնակցությամբ ներդրումների շուկայի զարգացման հնարավորությունները:
Ստորագրման արարողությունը խորհրդանշում է Կովկասի տարածաշրջանում ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի երրորդ ներդրումային համաձայնագրի կնքումը:ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի կողմից երկու ներդրում արդեն իրականացվել է Վրաստանում: ՓՁԱՖ հայաստանյան ներկայացուցչությունը կշարունակի ուսումնասիրել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ֆինանսավորման նպատակով ներկայացված հայտերը՝ նպատակ ունենալով ձևավորել զարգացման և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների ընդգրկուն պորտֆել: