Հրդեհներ հրավառությունից հետո
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի մոտակայքում, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հանրապետության հրապարակի մերձակայքում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում է Տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է. պատճառը հրավառության արկղն էր:
Ժամը 21.46-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում էր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:
Հյուրանոցի տանիքում այրվել էր հրավառության արկղը` չորս քառակուսի մետր տարածքով:
Բարեբախտաբար, երկու հրդեհներից հետո վիրավորներ չկան. մարդիկ խուճապի չեն մատնվել:
Հրդեհների բռնկման ժամանակ դեռեւս Հանրապետության հրապարակում էին ՀՀ նախագահը` տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնատար այլ անձինք: