Նոր ձերբակալություն սերժանտի սպանության գործով
Ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գեւորգյանի սպանության գործով երկրորդ ձերբակալվածը կա: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի կայքից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հակոբ Գեւորգյանի եւ նրա սպանության մեջ մեղադրվող Գ.Կոսոբոգլյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաեւ Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս. Կարապետյանը։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ.Գեւորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։
Ապացույցների հիման վրա՝ Գ.Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գեւորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Նա «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմանում, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։