Երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ… դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես…
Հովհաննես Թումանյան