15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է խփելու գոլը. 168 ժամ

 Այսպիսով, “Ժառանգության” առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղվանից դադարեցնում է  հացադուլը։

Դա, թերեւս, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին 21 օրում կատարած ամենադրական քայլն էր,  քանի որ հացադուլը մինչեւ ապրիլի 9-ը շարունակելը կարող էր հանգեցնել անցանկալի ու անդառնալի հետեւանքների ոչ միայն անձամբ իր, այլեւ մեր հասարակության ու պետության համար։ Այդ իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը պետք է միայն ողջունել ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել։ Դա՝ մարդկային հարթությունում։

Ինչ վերաբերում է այս քայլի քաղաքական մասին, ապա, որքան տարօրինակ, թերեւս նույնքան էլ օրինաչափ էր, որ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ Ր. Հովհաննիսյանը որեւէ հիմնավորում, որեւէ փաստարկ չի ներկայացրել, այն դեպքում, երբ մինչ այդ շարունակ բացառում էր որեւէ նահանջ՝ առաջնորդվելով “միայն իր դիակի” վրայով աննախադեպ ու սարսափազդու սկզբունքով:

Երեկ Ր. Հովհաննիսյանը որեւէ բան չասաց այն մասին, թե ի՞նչ է փոխվել հացադուլ հայտարարելուց ի վեր, ի՞նչն է ստիպել իրեն դադարեցնել այն ակցիան, որը, ինչպես ինքն էր հայտարարում, կարող էր դադարել միայն նախագահի պաշտոնն իրեն հանձնելու դեպքում: Հացադուլը դադարեցնելու՝ մարդկայնորեն հասկանալի ու ողջունելի քայլն անհասկանալի է քաղաքականապես:

Կամ կա ինչ-որ բան, որի մասին գիտի միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ առայժմ հարկ չի համարում կիսվել քաղաքացիների բանակի հետ: Իսկ եթե կա նման բան, ապա պարզ է, որ դա կարող է կապված լինել “իշխանությունը ժողովրդի հետ կիսելու հետ”:

Այսինքն, չպետք է բացառել, որ նամակագրական հարթությունից դուրս Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի փոխզիջման է եկել, ինչի պայմաններից մեկն էլ հացադուլի դադարեցումն է:

Պատահական չէ, որ վերջին օրերին իշխանության խոսնակները շարունակ կրկնում էին, թե “գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է”: Եթե առաջնորդվենք իշխանության սիրելի ֆուտբոլային տերմինաբանությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, “փոխանցում կատարեց”: Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանին: Մնում է սպասել՝ վերջինս անձա՞մբ է “գոլ խփելու”, թե՞ մինչ այդ, իր հերթին, “փոխանցում է կատարելու” Րաֆֆի Հովհաննիսյանին:

Անկախ ամեն ինչից, այս պահի ամենակարեւոր արձանագրումն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելու է մինչեւ ապրիլի 9-ը: Դա, ի թիվս այլ հետեւանքների, նշանակում է, որ մեծանում է ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հավանականությունը: Ըստ ամենայնի՝ պատվավոր հյուրի կարգավիճակով: Ի դեպ, այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսելու է իր այցելությունները տարբեր մարզեր, այսինքն՝ նա գնալու է “Դեպի ապահով Հայաստան”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ