03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուջեի կատարողականը

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 131.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 70%-ով և 58.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

“Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները:

Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 3.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 76.9%‑ը, իսկ ծախսերը` 1.6 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 36.1%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.1%-ով, ծախսերի գծով` 13%-ով:

 

 

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

 

 

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

 

Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

 

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 69.8%-ը:

2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ:

Նշված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ:

 

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

 

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.1%‑ով կամ 16.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ընթացիկ ծախսերի, և´ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով:

 

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 128.2 մլրդ դրամ` 59.4%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 13.7%-ով կամ 15.4 մլրդ դրամով:

 

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

 

 

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 2.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.8 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 17.7 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 30.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ