Այլեւս անհնար կլինի «ֆուկ» անել. Հրապարակ
Կոռուպցիայի դեմ պայքարի ու էկոնոմ ռեժիմի անցնելու վերաբերյալ կառավարության հռչակած պայքարը, ըստ մեզ հասած լուրերի, գնալով թեժանալու է։ Համենայնդեպս, գոնե դրա դրսեւորումներն են բազմապատկվելու։ Օրերս ՀՀ վարչապետն իր մոտ էր հրավիրել լրատվամիջոցների մեծ խումբ ներկայացուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, դիտարկումները։
Նաեւ հավաստիացնելու, որ իշխանությունն ունի կամք եւ ցանկություն կոռուպցիան նվազեցնելու, իսկ ԶԼՄ-ներից ակնկալում է համապարփակ աջակցություն այս հարցում։ Ներկաներից ոմանք նկատել են, որ այդ աջակցությունը լրատվամիջոցներն իրականացնում են տարիներ շարունակ՝ մեր հրապարակումներով անդրադառնալով տարբեր երեւույթների, ընդամենը հարկավոր է այդ հրապարակումներն անհետեւանք չթողնել։
Բայց իշխանությունն այլ քայլեր էլ է նախատեսում․ արդեն իսկ հայտարարվել է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերում կեղծ տեղեկությունների դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու նախագծի մշակման մասին։ Ներկայումս վարչական պատասխանատվություն է սահմանված, որը երբեւէ չի էլ կիրառվել։
Երեկ էլ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված փոփոխություններ անելու մասին։ Գաղտնիք չէ, որ պետգնումների ոլորտում է թաղված կոռուպցիոն «շան գլուխը»։
Կառավարությունից երեկ մեզ վստահեցնում էին, որ այդ փոփոխություններից հետո այլեւս հնարավոր չի լինելու տենդերների իրական հաղթողներին «ֆուկ» անել եւ ծանոթ-բարեկամ ընկերություններին անարժան հաղթանակներ շնորհել։ Գնումների գործընթացը, ըստ մեր աղբյուրի, 80 տոկոսով փոփոխության է ենթարկվելու, եւ ամեն ինչ հրապարակային ու տեսանելի է լինելու։ Մենք կհետեւենք այս խոստումների իրականացման ընթացքին։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: