Բարով ես եկել. ՀՀԿ-ից` Սամվել Բաբայանին /վիդեո/
Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ադրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի, վերադառնալու, գնալու, այստեղ հատուկ մեկնաբանելու բան չեմ տեսնում, վերադարձել է՝ բարով է վերադարձել, ի՞նչ ասեմ»,- նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե Բաբայանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին՝ ասելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի իշխանություններն անվտանգության հարցն առաջնային չէին համարում, Շարմազանովն ընդգծեց.
«Անկախ ձեր նշած գործչի մեկնաբանություններից, հայտարարություններից եւ քննադատություններից՝ մենք մեր կարծիքը քառօրյա պատերազի վերաբերյալ հստակ ասել ենք: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, ուշադիր լսեք: Քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ԶՈւ-երը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: Ադրբեջանական իշխանությունների, ադրբեջանական կողմի բից-կրիգը չի ստացվել, Ադրբեջանը ձախողվել է, որեւէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել, բոլոր բնակավայրերը գտնվում են ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո»:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ եթե Հայաստանը ուշադրություն չդարձեր անվտանգության խնդրին, Ադրբեջանը ֆիասկո չէր ապրի: