Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Հայաստանում տեսչական ստուգումներ են անցկացրել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Հայաստանում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի` Հայաստանի կողմից «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագ րի պահանջների կատարման վերաբերյալ պարզաբանման մեջ:
Պարզաբանման մեջ ասվում է. «1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դարձել է Միջուկային զենքը չտարածելու մասին ՄԱԿ-ի պայմանագրի անդամ երկիր, այնուհետ վավերացրել է Պայմանագրի հետ կապված Երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համաձայնագիրը ու Համաձայնագրին կից Լրացուցիչ արձանագրությունը:
Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի, ՀՀ-ում ստեղծվել է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգ: ՀՀ կառավարության կողմից ընդունվել են համապատասխան իրավական ակտեր, ապահովելու միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների կատարումը:
ՀՀ-ում մշտապես իրականացվում է հաշվառում և վերահսկողություն առկա միջուկային նյութերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել միջուկային զենք ստեղծելու համար:
Միջուկային զենքի չտարածման պայմանագրի եւ ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառման համաձայնագրի հետ կապված վերահսկողությունը իրականացվում է երեք մակարդակներով`
Տեղակայանքի մակարդակ – միջուկային նյութերի հաշվառումը և հսկողությունը իրականացնում է տվյալ տեղակայանքի անձնակազմը:
Պետական մակարդակ – հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է օրենքով ճանաչված պետական մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Միջազգային մակարդակ – հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է ԱԷՄԳ-ն տեսչական անձնակազմը:
Նշված պայմանագրերով և ՀՀ օրենքներով սահմանված կարգին համապատասխան ԱԷՄԳ-ի տեսուչները պարբերաբար անցկացնում են տեսչական ստուգումներ, իր հերթին ՀՀ-ն ԱԷՄԳ-ին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ եվ հայտարարագրեր:
Սահմանված կարգի համաձայն, ԱԷՄԳ-ի կողմից տեղադրված են անընդհատ հսկողության տեսասարքեր՝ հետևելու միջուկային նյութի տեղաշարժին:
Միջուկային նյութեր պարունակող օբյեկտները, պահոցները, հանգույցները կնքված են հատուկ կնիքներով, որոնց ցանկացած վնասումը արբանյակային կապի միջոցով անմիջապես կարձանագրվի ԱԷՄԳ-ի հատուկ ստորաբաժանման կողմից:
ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:
ՀՀ-ն մասնակցել է ԱՄՆ Նախագահի նախաձեռնությամբ կայացած միջուկային անվտանգության չորս Գագաթնաժողովներին և այդ համատեքստում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակամղված են միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ պահպանմանը, դրանց ֆիզիկական պաշտպանության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարին:
ՀՀ-ն պատշաճ կերպով կատարում է նշված միջազգային պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները»: