Առայժմ կոնսենսուս չի կայացել, բայց դա չի նշանակում, թե կոնսենսուսի հասնելու ճանապարհները փակ են. Դավիթ Հարությունյան
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները մտահոգություններ ունեն ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես՝ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներն անանգստացած են ԸՕ-ի այն դրույթի առանչությամբ, ըստ որի` արգելվում է 3-ից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և ըստ այդմ՝ շատ կարճ ժամանակ են տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց՝ վերոնշյալ դրույների վերաբերյալ վերանայում չի լինի:
«Երեք թվի վերանայում չի լինի, և մեր հիմնական պատասխանը պայմանավորված է հանգամանքով, որ եթե կլինեն 3-ից ավել ուժեր և պատրաստ կլինեն միավորվելու և խորհրդարանում ունեն մածամասնություն, ապա ճիշտ կլինի, որ այդ ուժերն հայցեն հանրության վստահության քվեն: Այսինքն՝ պարզ է, որ եթե իրենք ունեն 50 տոկոս պլյուս 1 ձայն, ապա առանց իրենց մասնակցության որևէ մեկը չի կարող իշխանություն ձևավորել: Հետևաբար, նրանք կարող են գնալ երկրորդ փուլ և միավորվել ոչ թե 3, այլ 17 քաղաքական ուժերով և հայցեն հանրության վստահությունը»,- ասաց Դավիթ Հարույունյանը:
Անդրադառնալով ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի գալուն` Հարությունյանը շեշտեց՝ առայժմ կոնսենսուս չի կայացել, բայց դա չի նշանակում, թե կոնսենսուսի հասնելու ճանապարհները փակ են և քննարկումներ լինել չեն կարող: