Լրագրողը շրջանառում է ԱԱԾ պետի եւ ՌԴ դեսպանի անունները
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Անի Հովհաննիսյանը այսօր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
. «Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:
ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց: Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է:
Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցության համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ և շորթման գործ սարքել: Եվ ՌԴ դեսպանը, և նրա գործակալը՝ Ուրիխանյանը վստահ էին, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, կընկրկեմ և կդադարեցնեմ պայքարս Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավավելու դեմ:
Սակայն վերջիններս չարաչար սխալվում են: Այդ առումով ես՝ Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ Կլինեմ ազատության մեջ, թե՝ բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ: Ինձ հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու եմ Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը:
Դա է պահանջում իմ Հայրենիքի անվտանգությունը: Դա են պահանջում Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև օրս զոհված քաջազնունիների շիրիմները և նրանց մայրերի և կանանց արցունքները: Դա են պահանջում այսօր սահմանին կանգնած մեր զինվորները և կամավորականները, որոնց թիկունքում՝ Մայր Հայաստանում, ունեզրկում է ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկը: Իմ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեմ պայքարելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց դրան էլ եմ պատրաստ և պայքարելու եմ մինչև վերջ:
Իսկ ՀՀ-ում Ադրբեջանի տնտեսական գործունեության շահերը սպասարկող ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և նրա գործակալ Ուրիխանյանը շատ շուտ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ որպես հայադավ ու թուրքամետ քաղաքականության կրողներ: Հայտարարությանս մեջ նշված հանագամանքների հետ կապված ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնան քննության առարկա, որտեղ մանրամասն հիմնավորումներով նշելու եմ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի թեման չփակելու դեպքում ՌԴ դեսպանի կողմից ինձ բացահայտ սպառնալու հանգամանքները և նրա ցուցումով նրա գործակալ Ուրիխանյանի գործունեությունը:
Պայքարելու եմ մինչև վերջ: Ադրբեջանը ոչ մի դեպքում տնտեսական գործունեություն ՀՀ-ում չպետք է իրականացնի և պետք է հեռանա Հայաստանից, որքան էլ որ դա դուր չի գալիս թշնամի պետության շահերի պաշտպան ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և նրա գործակալ Տիգրան Ուրիխանյանին:
Միաժամանակ հույսեր չունեմ, որ ցուցմունքներս կամ հայտարարությունս կարող են դառնալ քննության առարկա, ավելի շուտ վստահ եմ, որ այն քննության կողմից զգուշորեն կշրջանցվի, որովհետև իմ դեմ է և գործի պատվիրատուն է հզոր Ռուսաստանի դեսպանը, որին ՀՀ-ում կարելի է ամեն ինչ: Բայց, այնուամենայնիվ, սա իմ դիրքորոշումն է, իմ երկրի և իմ երկրի անվտանգության համար տարված պայքարը, և ես երբեք չեմ նահանջելու՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ում Ադրբեջանի դեմ պայքարելու համար ինձ՝ հայ կնոջս և լրագրողիս, որքան կդատապարտեն»: