23,2 մլրդ դրամ հատկացվել է ՏԿԱԻՆ-ին, 64, 8 մլրդ դրամ՝ ոստիկանությանը և 17,5 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին
ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ԱԻՆ-ին անդրադառնալով՝ Ջանջուղազյանը շեշտեց, որ հաշվետու տարում ԱԻՆ-ը Տարածքային կառավարման նախարարության հետ միացված էր, որից հետո տեղի ունեցան կառուցվածքային փոփոխությունները և, ըստ այդմ էլ, գումարները կներկայացնեն որպես միասնական մարմին:
Ջանջուղազյանն ընդգծեց՝ ՏԿԱԻՆ-ին հատկացված է եղել 23,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99,2 %, այսինքն՝ 23,1 մլրդ դրամի չափ գումարն օգտագործվել է:
Հիմնական մասը հատկացվել է փրկարար ծառայությանը՝ 7,4 միլիարդը: 35 ծրագիր է իրականացվել ՏԿԱԻՆ-ի կողմից: Գերատեսչությանը հատկացվել է ևս 78 մլն դրամ պահուստային ֆոնդից, որը հիմնականում օգտագործվել է:
Ըստ Ջանջուղազյանի՝ ոստիկանության բյուջեով հաշվետու տարում նախատեսված է եղել իրականացնել 26 ծրագիր, և կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են նախատեսվել և օգտագործվել են: Ըստ նրա՝ ոստիկանության բյուջեն կազմել է 64, 8 մլրդ դրամ, կատարողականը՝ 9,9 տոկոս:
ԱԱԾ համար 2015թ-ի համար նախատեսվել է 17,5 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 97,8 տոկոս: