Հովիկ Աբրահամյանը միակն է.
Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում շարունակվում է ՀՀ թատերական գործիչների միության “Արտավազդ” մրցանակաբաշխությունը: Այն ամենամյա է եւ այս տարի նվիրված է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125 ամյակին: Հանդիսությանը մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի բարձր հովանու ներքո էլ կազմակերպվում է մրցանակաբաշխությունը:
Դերասանները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ կարեւորը մրցանակն ու պատվոգիրը չէ, այլ այն, որ գնահատվում ես, որ մի փոքրիկ հաճելի եւ հուզիչ տոն է լինում: “Եթե մի դերասան մրցանակակիր է դառնում, դա միայն իրենը չէ, այլ նաեւ այն թատերական կոլետիվինը, որին ինքը ներկայացնում է”,-ասաց ժյուրիի անդամ, թատերագիր Լեւոն Մութաֆյանը:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ նշեց, թե ոմանք մեղադրում են միությանը, որ “Արտավազդ”-ներ ժյուրին շատ է բաշխում: “Բայց իրականում գործ է արվում է, նոր բեմադրություններ, նոր հայտնություններ: Այդ ամենը գնահատել, անտեսել հնարավոր չի”,-ասաց Ղազանչյանը` 2013թ-ի առաջին “Արտավազդ”-ը եւ հատուկ մրցանակը հանձնելով Մուրադ Ջանիբեկյանին:
Ի դեպ, ըստ ԹԳՄ նախագահի, Հայաստանում միակ պաշտոնյան Հովիկ Աբրահամյանն է, որ արժանացել է “Արտավազդ”-ի դեռ այն ժամանակ, երբ Արտաշատի քաղաքապետն էր: “Նա նորոգեց Արտաշատի թատրոնի շենքը, արեց անհնարը` իր անձնական միջոցներով”,-նկատեց Ղազանչյանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց թատրոնի մարդկանց տոնի առիթով եւ հավաստիացրեց, որ պետական հոգածության պակաս կա թատրոնի նկատմամբ, եւ առաջիկայում փորձելու են լրացնել:
“Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար” ՀԹԳՄ-ի կողմից “Արտավազդ”-ի արժանացան Վիլեն Գալստյանը, Դերենիկ Մարտիրոսյանը, Հայկազ Երանոսյանը եւ Սերգեյ Առաքելյանը:
“Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում “Արտավազդ”-ի արժանացավ Անի Գրիգորյանը: “Լավագույն երիտասարդ դերասան” անվանակարգում լավագույնը ճանաչվեցին միանգամից երկուսը` Արմեն Մարգարյանը եւ Իշխան Ղարիբյանը: Լավագույն երիտասարդ բեմադրիչն է Սամսոն Մովսիսյանը: Նա ծառայում է ՀՀ Զինված ուժերում եւ ներկա չէր:
“Լավագույն երիտասարդական ներկայացման” համար “Արտավազդ”-ի արժանացավ Արշալույս Հարությունյանը` “Սքոտչ եւ Վիսկի” ներկայացման համար: “Լավագույն պիես” անվանակարգում մրցանակը տրվեց Սամվել Խալաթյանի ստեղծագործությունը: “Լավագույն սցենոգրաֆիա”-ի համար հաղթող ճանաչվեց Վահագն Թեւանյանը: “Լավագույն երաժշտության հեղինակ” անվանակարգում մրցանակը հասավ Արամ Սաթյանին` “Մորգանի խնամին” ներկայացման համար:
“Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար” անվանակարգում մրցանակ այդպես էլ որեւէ մեկին չշնորհվեց, քանի որ մասնակիցներից ոչ մեկը լավագույն չէր ճանաչվել: “Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար” ճանաչվեց Սերգեյ Թովմասյանը: Լավագույն կին դերակատար ճանաչվեց Լուիզա Ղամբարյանը, իսկ լավագույն տղամարդ դերակատարները երկուսն են` Դավիթ Հակոբյանը եւ Երվանդ Ենգիբարյանը:
“Լավագույն ռեժիսուրա” անվանակարգը բաժին ընկավ Ալեքսանդր Գրիգորյանին եւ Հակոբ Ղազանչյանինը: Լավագույն ներկայացումներ ճանաչվեցին Երվանդ Ղազանչյանի եւ Վահե Շահվերդյանի բեմադրությունները: