Նաղդալյանը` ՄԻՊ-ին
Ինչպե՞ս եք վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ` քաղաքապետարանի աշխատանքը գնահատող զեկույցին` հարցին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը , կարծում եմ, հիմնարար փաստաթուղթ է, որը վերաբերում է երկրի, հասարակության կյանքի, պետական կառավարման տարբեր ոլորտների աշխատանքներում տեղ գտած դրական եւ բացասական երեւույթներին, եւ այդ իմաստով շատ կարեւոր է:
Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք, անկախ նրանից, թե ում դուր կգա, ում դուր չի գա եւ թե ինչ գնահատականներ են տրված այդ զեկույցի մեջ, գտնել այն հարցադրումները, որոնք առնչվում են լուծման ենթակա խնդիրների: Դրանց լուծման համար տարբեր ճանապարհներ կարող են լինել, այդ թվում` նաեւ մեզ ` օրենսդիրներիս համար:
Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը մեծ աշխատանքի բազա է, որպեսզի մենք գտնենք այն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք մատնանշված են, կամ մատնանշված էլ չեն, այլ ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի այս կամ այն ոլորտում ունենանք թերությունների վերացում կամ զարգացումներ:
Այս իմաստով կարեւորում եմ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, որը բավականին համապարփակ է, ամփոփ, բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում, բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվում, որոնք մեր քաղքացիների համար կյանքի, կենցաղի, պետական կառավարման մարմինների հետ շփումների արդյունքում են առաջացել:
Ես հարգանքով եմ վերաբերվում “Մարդու իրավունքների պաշտպան” կոչվող ինստիտուտին եւ, կարծում եմ, որ նրա դերակատարությունը մեր երկրում դեռ պետք է խորապես գիտակցվի եւ կատարելագործվի, այլ ոչ թե մենք փորձենք պարզապես պաշտպանվել, հակադարձել այն դիտարկումները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է:
Եվ քանի որ այսօր քաղաքական պահն էլ այնպիսին է, որ մայրաքաղաքի ինքնակառավարման մարմնի ընտրություններն են, կարծում եմ, բնական է այս ավելի խորացված ուշադրությունը Երեւանի քաղաքապետարանի գծով Մարդու իրավունքների պաշտպանի արված վերլուծության մեջ: Գոհունակությամբ ուզում եմ նշել , որ Մարդու իրավունքների պաշտպանը իր գնահատականի մեջ մատնանշել է նաեւ բավականին դրական զարգացումներ:
Այդ գնահատականը ոչ միայն իմն է , կամ Մարդու իրավունքների պաշտպանինը, այլեւ Երեւանի բազմահազարանոց բնակչության արձագանքներն են: Դրանք հսկայական աշխատանքներ են` քաղաքի բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ:
Ամեն քայլափոխում այսօր տեսնում ենք հասարակական տրանսպորտի կանգառները նորացված, վերականգնված, գեղեցիկ կահավորումով, գեղեցիկ նստարաններ, գեղեցիկ ծաղիկներ:
Եվ պետք է հատկապես ընդգծեմ, որ այս բոլոր գործընթացներն առնչվում են ոչ միայն կենտրոնին, այլեւ ընդգրկում են ծայրամասերը: Քաղաքը կանոնավոր կերպով մաքրվում է`պատկան ստորաբաժանումների միջոցով , իսկ քաղաքի բնակչությունը սիրով մասնակցում է շաբաթօրյակներին: Բավական լայն ծրագրեր են իրագործվել նաեւ մատաղ սերնդի եւ’ կրթության, եւ’ առողջապահական, եւ սոցիալական խնդիրների ուղղությամբ:
Առանձնահատուկ նշեմ անվճար մանկապարտեզների խնդիրը: Միայն այս քայլը , իր հետեւից, շղթայական ռեակցիայի պես մի շարք երեւույթներ առաջ բերեց: Առաջինը` մեծ քանակությամբ ընտանիքներ ցանկացան իրենց երեխաներին մանկապարտեզ տանել, որի արդյունքում անգամ հերթեր գոյացան: Սա ցույց էր տալիս, որ շատ ընտանիքներում այդ մի քանի հազար դրամի տնտեսումը էական նշանակություն ուներ: Այստեղ ուշագրավ էր նաեւ այն հանգամանքը, որ ծնողները կարեւորեցին երեխաների սոցիալական միջավայրում, կոլեկտիվում մեծանալու երեւույթը, որի հնարավորությունը տալիս է մանկապարտեզը, ինչի արդյունքում, փաստորեն, ունենում ենք մանկությունից հասարակությանը ինտեգրված սերունդ:
Այստեղ կարեւորվում է նաեւ այն հանգամանքը, որ բացի երեխաների հասարակությանը ինտեգրումից, դրանով նաեւ առավել ազատ ժամանակի հնարավորություն է ընձեռվում ծնողներին` իրենց համար աշխատատեղ գտնելու, այսինքն` դրանով նաեւ բարելավվում է ընտանիքի սոցիալական վիճակը: Ունենում ենք նաեւ գենդերային խնդիրների լուծում`կինը երեխային մանկապարտեզ տանելով` ավելի շատ ազատ ժամանակ է ունենում իր ներուժը իրացնելու այլ բնագավառներում:
Մենք բավականին ծանր իրավիճակ ենք ժառանգել նախկինից` խոսքը մանկապարտեզների շենքերի, շինությունների ծանր վիճակի մասին է եւ այսօր, երբ Մարդու իրավունքների պաշտպանը մանկապարտեզների խնդիրը իբրեւ թերություն է նկատում, արդարացի է, որովհետեւ խնդիր է բարձրաձայնում, որը հանրության համար կարեւոր է եւ ենթակա է լուծման:
Մյուս կողմից էլ պետք է նշենք, որ այդ խնդիրը Տարոն Մարգարյանը չէ ստեղծել / հակառակը` նա աշխատում է լուծումներ տալ /. եւ’ քաղաքապետարանից եւ’ կառավարությունից պահանջվում է բավական լուրջ ջանքեր նոր ներդրումներ իրականացնելու համար, քայլեր, որոնք նոր ծրագրեր են նախատեսելու: Ես վստահ եմ, որ այսօր եւ’ քաղաքապետարանը, եւ’ ավագանին տիրապետում են այս իրավիճակին եւ իրենց առջեւ ունեն գիտակցված այդ խնդիրը, եւ մոտակա տարիների ընթացքում միջոցներ կձեռնարկվեն եւ լուծումներ կառաջադրվեն:
Ես կարծում եմ, որ այս խնդիրների բարձրաձայնումն այսօր կարեւոր է այն իմաստով, որ ոչ թե մենք թերություն ենք գտնում կամ ոչ թե ինչ-որ մեկը պետք է թերությունները մատնանշելով զբաղվի , այլ վերաբերվենք պետական կարեւորություն ունեցող խնդիրների, որոնք հետեւողական ջանքեր եւ լուծումներ են պահանջում:
Եվս մեկ հանգամանք, որի շուրջ կուզեի խոսել / որի մասին շատ չի խոսվում, բայց դա շատ մարդասիրական բնույթ ունի/` քաղաքապետարանի բարեգործական հիմնադրամի աշխատանքներն էին , որոնք նպատակաուղղված էին թափառական կյանքով ապրող, անօթեւան քաղաքացիների, նրանց հիգիենայի , կացարանի ապահովման եւ այլ խնդիրների լուծմանը:
Անցյալ տարվա ընթացքում ինքս էլ, կանանց խորհուրդն էլ, մասնակցել ենք այդ աշխատանքներին, որոնք քաղաքապետի կողմից նախաձեռնվել են եւ վերաբերում էին բազմաթիվ անօթեւան մարդկանց: Այդ մարդիկ ունեին բազմաթիվ խնդիրներ` սկսած իրավական / փաստաթղթերի կորուստ եւ այլն /, առողջական, այդ թվում` հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներից մինչեւ բարեկամների հետ կապի հաստատման, աշխատանք գտնելու եւ այլն:
Մեր հասարակության մեջ երկար տարիներ այս երեւույթը տեսանելի է եղել, բայց ոչ մի կառույց / սոցիալական, բարեգործական եւ այլն/ քայլեր չձեռնարկեց այդ մարդկանց ձեռք մեկնելու ուղղությամբ եւ քաղաքապետը եղավ առաջինը, որ թե’ ֆինանսական հատկացումներով, թե’ կազմակերպչական եւ այլ բնույթի աշխատանքներով` անդրադարձավ այդ մարդկանց խնդիրներին: Դրանք թե’ մարդասիրական, թե’ աստվածահաճո քայլեր էին:
Ես ուրախ եմ, որ եւ’ մարդիկ են դա նկատում, եւ’ Մարդու իրավունքների պաշտպանն է դա ֆիկսում, թեկուզ եւ` անդրադառնալով որոշ բացթողումների: Այստեղ, իհարկե կուզեի նշել մի հանգամանք` թե ինչու է մարդու իրավունքների պաշտպանը ժլատ գտնվել եւ այն աշխատանքները, որոնք ուղղված էին հենց մարդու իրավունքնրի պաշտպանությանը, քաղաքացու համար ավելի օրինավոր , ավելի ներդաշնակ իրավիճակ ստեղծելուն, անտեսվել են նրա կողմից:
Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այն ինչ մատնանշվում է զեկույցում, սրանք մեծ մասամբ, իմ կարծիքով, պահանջում են երկարատեւ, հետեւողական ջանքեր, աշխատանք եւ ներդրումներ:
Ասենք, օրինակ, Երեւանի ուղեւորափոխադրումների ծառայության եւ տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությունը: Սա շատ մեծ կարեւորություն ունի քաղաքի զարգացման համար , որովհետեւ միշտ մեծ թնջուկ է հանդիսացել:
Մի քանի ուղղություններով աշխատանքներ են կատարվել , կատարվում են եւ պետք է կատարվեն նաեւ ապագայում, որովհետեւ Երեւանը միլիոնանոց քաղաք է, օրեցօր աճում է մեքենաների քանակը, դրան գումարած երթեւեկության հաճախակի դարձած խցանումները մարդկանց համար լուրջ խնդիրներ են առաջացնում:
Մի քանի տարի առաջ ձեռնարկվեց մի մեծ ծրագիր ` Սարալանջի փողոցի շինարարությունը, որը քաղաքը շրջանցող ճանապարհի կառուցման խոշոր ծրագիր էր, եւ մի քանի տարի պահանջվեց դրա իրագործման համար:
Դրանով բավականին բեռնաթափվեց քաղաքի երթեւեկությունը եւ թեթեւացվեց քաղաքի տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: Բայց դա դեռ ավարտված ծրագիր չէ, պետք է շարունակվի: Նման ծրագրերի թվում է նաեւ Աջափնյակի էստակադայի, Ասիական բանկի աջակցությամբ կատարվող շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը, մետրոյի ապագա կայարանների կառուցումը, որոնք քաղաքի համար նույնպես էական բեռնաթափող նշանակություն կունենան, եւ, իհարկե, հնացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների նորերով փոխարինման ընթացիկ հարցերը: Սրանք բոլորը մեծ ներդրումներ եւ ժամանակ պահանջող ծրագրեր են: Եթե Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում սրանք դիտարկում է մեկ տարվա` 2012-ի կտրվածքով լուծվող խնդիրներ, ապա սրանք բոլորովին էլ այդ ժամանակահատվածում լուծման ենթակա խնդիրները չեն,, այլ տարիների տքնաջան աշխատանքի, որը եւ արվում է: Ինձ մնում է միայն ողջունել այսօր քաղաքապետարանի եւ ավագանու պատրաստակամությունը եւ իրենց հետեւողական ջանքերը, որ գործադրվում են` այս ծրագրերն իրականացնելու ուղղությամբ: