15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահն Աթենքում հանդիպել է Ազգային պաշտպանության նախարարին /ֆոտո/

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսեւորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Պանոս Կամենոսն իր հերթին կարեւորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24- ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նույն օրն Էդուարդ Շարմազանովը եւ Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

4d5b3fe3-1226-4db9-ade1-ac3ae3554693

af8bf993-f338-4275-840f-a20b59741159

b0f357d9-27f9-4ea6-951a-17aa3b82bb02

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ