Երեւանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
Շարունակվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաեւ թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն եւ հետեւել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է:
Սա կլինի թվով երրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթեւացնի այդ գծով առկա պահանջարկը: Քաղաքապետը շրջել է նաեւ մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային: Մանկապարտեզի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Պատասխանատուները զեկուցել են, որ առաջիկայում կմեկնարկեն նաեւ թիվ 124 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները եւ արդեն տարեվերջին Նորք-Մարաշում ամբողջությամբ կլուծվի մանկապարտեզների հիմնարորոգման խնդիրը: Ընդհանուր առմամբ Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրերով այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 27 մանկապարտեզ. “Վարչական շրջաններում մեկնարկել են որոշ մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ մի քանի տարվա ընթացքում փորձենք ամբողջովին հիմնանորոգել մանկապարտեզները, որպեսզի դրանք հարմարավետ լինեն ոչ միայն երեխաների, այլեւ աշխատակիցների համար: Զուգահեռ այս տարի բյուջեով նաեւ մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար ենք միջոցներ նախատեսել եւ մեր նախակրթարանների համար ձեռք ենք բերելու անհրաժեշտ բոլոր պարագաները”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ Երեւանում փաստացի գրանցում ունեցող երեխաների համար քաղաքապետարանի ծրագրով մանկապարտեզները կշարունակեն լինել անվճար:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ թիվ 26 դպրոցին հարակից տարածքում նախատեսվող ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ծրագրի ու տարածքի բարեկարգման մանրամասները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն