Հայաստանը հաստատակամ է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը
Հարգարժան տիկին գլխավոր քարտուղարի տեղակալ,
Հարգարժան գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ և տիկին Բատայնի-Դրագոնիին արտգործնախարարությունում Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկի արարողության և Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի կապակցությամբ։
Նախևառաջ, կցանկանայի նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրոպայի խորհրդի աջակցությունը կառույցի հետ մեր բազմակողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովելու օրենքի լիակատար գերակայությունը։ Եվ այս առումով շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին այս գործընթացում մշտական աջակցության համար։
Մեկնարկող գործողությունների ծրագիրը 2012-2014թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է, մասնավորապես՝ արդարադատության, օրենքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդում, այնպես էլ այս գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին։
Տիկնայք և պարոնայք,
Այս տարի նշում ենք Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 15-ամյա հոբելյանը։
Վստահ եմ, որ ինչպես մենք, այնպես և Եվրոպայի խորհուրդը գնահատում է այս մեկ ու կես տասնամյակը՝ որպես ամուր քայլերով զարգացող հարաբերությունների, ժողովրդավարության կառուցման շուրջ արդյունավետ համագործակցության ժամանակաշրջան։ Այս 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մաս և ակտիվ դերակատար։
2013թ. Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Կազմակերպվել են տասնյակ խոշոր միջազգային համաժողովներ, միջոցառումներ, բարձրաստիճան փոխայցելություններ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների ստորագրման մեկնարկ և այլն։ Կարող ենք արձանագրել, և դա նաև հաստատել է ԵԽ գլխավոր քարտուղարը, որ Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ:
Հայաստանը հաստատակամ է այսուհետ ևս շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Իսկ այժմ կցանկանայի խոսքը փոխանցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Բատայնի-Դրագոնիին։