Երեւան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը
Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան:
Այցի առաջին օրը ԱԱԽ քարտուղարը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական հարթությունում կապերի զարգացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին երկու պետությունների օրենսդիր մարմինների, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցության ակտիվացումը` որպես երկկողմ կապերի ամրապնդման կարեւոր գործոն:
Նույն օրը տեղի ունեցավ Ա.Բաղդասարյանի հանդիպումը Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշեցին երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ այդ տեսակետից կարեւորեցին ս.թ. ապրիլի 23-26-ը Երեւանում կայանալիք` միջկառավարական հանձնաժողովի հերթական, 3-րդ նիստի անցկացումը:
Որպես թիրախային ուղղություն նշվեց ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր այսօր Վարշավայում “Լյուբավա” ընկերության եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հետ հանդիպման ժամանակ եւս կարեւորվել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու տարի առաջ իրենց ջանքերով մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս եւ ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ Լեհաստանի եւ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու այս ոլորտում գործակցությունը եւ այն մասին, որ ընթացիկ տարվա ապրիլին Երեւան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը` միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այս ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակն ու հետագա խորացման հնարավորությունները: Քննարկվել է նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել անվտանգության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի կատարման մոնիտորինգի իրականացումը, աջակցել կնքված պայմանագրերի իրականացման գործընթացին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում զարգացող համագործակցության խթանման գործում Լեհաստանի կողմից օժանդակության տրամադրման եւ համագործակցության հարցերին: