15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ թե Ազատ գետը՝ հարազատ մորն էլ կկործանեն. Առավոտ

Պարզվում է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առեւտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար: Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել՝ «Փողկապդ ձգի՛ր»: Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով: Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով եւ պատշաճ բառապաշարով: Դա «պատժի» մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ հետխորհրդային տարածքում:

Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ մեր չինովնիկները 800 «ավելորդ» մեքենա են քշում: Շատ լավ է, որ այդ փաստը դուրս եկավ ջրի երես, բայց ովքե՞ր էին այն պաշտոնյաները, որոնք մեր պետությանը վնաս են տվել՝ այդ անհարիր ճոխությունները արտոնելով:

Նրանց պետք է կանչել ժողովի եւ ասել, որ փողկապները ձգեն: Սակայն 800 մեքենան ուղղակի մանրուք է այն մասշտաբային ծրագրերի համեմատ, որոնք իրականացնում են տարբեր պետական գերատեսչությունները: Օրինակ՝ Ազատ գետը եւ շրջակա ջրային ռեսուրսները «վարի տալու» համար մեր պետությունը Համաշխարհային բանկից վերցրել է 30 միլիոն դոլարի վարկ:

Պարզ է, որ այդ «մեղրի կարասից» կարող են առատորեն օգտվել թե ՀԲ-ի հայաստանյան չինովնիկները եւ թե ծրագիրն իրականացնողները: Մարդիկ կան, որ հանուն նման գումարների ոչ թե Ազատ գետը՝ հարազատ մորն էլ կկործանեն: Բայց երբ հետագայում պարզվի, որ այդ վարկը չարժեր վերցնել եւ 30 միլիոն դոլարը մեզ պետք կգար այլ՝ ավելի «կառուցողական» նպատակների համար, նրանք, ում մատներին այդ մեղրն է մնացել, նույնպես կստանան իրենց խիստ պատիժը: Նրանց կասեն՝ «ձեռքերը լվացեք եւ փողկապներդ ձգեք»: Բայց ինչպե՞ս վարվել, եթե խոսքը ոչ թե անձերի, այլ գրասենյակների մասին է:

Անձը, որի դեմ ապօրինի ձեռնարկատիրության հոդվածով քրեական գործ է հարուցված, եւ որը, հավանաբար, դատական ակտերի կատարումը հարկադրելու շնորհիվ աշխատել է միլիոնավոր դոլարներ, ըստ էության, չկա, որպեսզի նրան ասես՝ «մի հատ քո գեներալի համազգեստը ձգիր»:

Փոխարենը կա «Միհրան Պողոսյանի գրասենյակ», որը չգիտես թե ինչ է՝ «ֆե՞յք» է, իրավաբանական ա՞նձ է, պետակա՞ն, հասարակակա՞ն մարմին է: Համենայնդեպս, «գրասենյակին» շատ դժվար է կարգի հրավիրել՝ այդ ի՞նչ թղթեր ես հրապարակում, գրասենյակ ջան, ինչպե՞ս ենք մենք քո թղթերը ստուգելու եւ արդյոք այդ թղթերը չարժե՞ր ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն: Մյուս կողմից՝ նշաններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետին կհաջողվի այդ գործը «ջրել»՝ քանի որ, ինչպես ասում են, մեկի պոչը մյուսի տակ է: Դե, այդ դեպքում Միհրան Պողոսյանը հնարավորություն կստանա վայելել իր՝ «հարկադիր» ծանր աշխատանքով վաստակած գումարները՝ թույլ կապած փողկապով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ