Կորել է ՌԴ եւ ՀՀ համատեղ հայտարարության տեքստը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երեւանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։
Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համատեղ հայտարարության տեքստով հանդես գան ավելի ուշ, թեեւ նախապես հայտարարվել էր, որ սույն հայտարարությունը հրապարակվելու է նիստից անմիջապես հետո։
Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչեւ օրս հայտարարության տեքստը համաձայնեցված չէ, հետեւաբար նաեւ ընդունված չէ։ Մեզ հասած տվյալներով, հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց էին եղել Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձեւակերպումները։ Ռուսական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի տեքստը համաձայնեցնեն նաեւ իրենց քաղաքական ղեկավարության հետ, աշխատեն այդ ուղղությամբ ու հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Սակայն մինչեւ օրս որեւէ լուր չկա, նշում են մեր աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կորյուն Նահապետյանն անգամ նամակ է հղել ռուսաստանցի գործընկերներին հայտարարության տեքստի ճակատագրի մասին «լուր» իմանալու համար։ Նրա նամակը դեռ մնում է անպատասխան։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում