Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ամրագրվել է
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Ստորև ներկայացվում է Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Կարծում եմ, որ այսօրվա նիստում ընդունվեցին շատ կարևոր հարցեր՝ պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 31-ին Աստանայում: Սահմանվեցին որոշ կարևոր պարամետրեր:
Նախ և առաջ, կառավարությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվեց նավթամթերքի կարգավորման նախագիծը: Կարծում եմ՝ սա անկյունաքարային փաստաթղթերից է, որը բավական երկար քննարկվում էր: Քննարկվեցին Մաքսային օրենսգրքին և դրա ընդունման ժամկետներին վերաբերող հարցեր:
Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ առաջիկա երկու նիստերում, որոնք տեղի կունենան օգոստոսի 12-ին Սոչիում և հոկտեմբերի 28-ին Մինսկում, կաշխատենք ավարտին հասցնել երկու փաստաթուղթ՝ մեր Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հետագա զարգացման համար: Հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Համոզված եմ, որ դա կնպաստի մեր Միության հետագա զարգացմանը: Շնորհակալություն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ 2016 թվականը հայտարարվել է երրորդ երկրների և միջազգային տնտեսական միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման տարի: Այս տեսանկյունից օրակարգային առաջին հարցը, որն այսօր քննարկվեց, այն է, թե ինչպես ենք բանակցություններ վարելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ:
Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար: Կառավարությունների ղեկավարների միջև այսօր կայացած երկխոսությունը և զրույցը թույլ են տալիս արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք կառուցելու այդ երկխոսությունը: Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների և քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա:
Երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որն այսօր վերջնականապես համաձայնեցվեց, վերաբերում է նավթի և նավթամթերի միասնական շուկայի ձևավորմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստում ևս այս հարցը քննարկվել է: Եղել է բաց քննարկում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այն կներկայացվի մեր նախագահների հաստատմանը՝ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ:
Օրակարգում կային հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական տարածության գործունեության տարբեր ոլորտներին, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար: Սկզբունքային փաստաթուղթ է հանդիսանում, իհարկե, Մաքսային օրենսգիրքը:
Տեղեկացնեմ, որ հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել: Մնացել են միայն մի խումբ հարցեր, որոնց շուրջ քննարկումները պայմանավորվել ենք շարունակել Սոչիում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ Մինսկում, վերջնական պայմանավորվածություն կունենանք և կկարողանանք հաստատել նաև այդ փաստաթուղթը: Շնորհակալություն ուշադրության համար: