Հայ զինվորի արժևորումը նամակի տեսքով
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ /ԵՊԱ ՀԿ/ 2016-2017 ուս-տարվա ընթացքում իրականացրել է «Հայ զինվորի արժեվորում» ծրագիր, որին աջակցել է ՀՀ ՊՆ: Ծրագրի շրջանակում տարբեր հանրակրթական, մասնավոր ու արվեստի դպրոցների աշակերտներ զինվորներին գրել էին նամակ, ովքեր հնարավորություն էին ունեցել այցելել տարբեր զորամասեր և հանձնել իրենց կողմից գրված նամակները հայ զինվորներին:
Ծրագրի շրջանակում այս օրերին ԵՊԱ ՀԿ անդամները հանդես են եկել դասախոսություններով և կազմակերպել տարբեր մշակութային միջոցառումներ: Նամակները բազմազան ու բազմապիսի էին, ջերմագին ու սրտակից, եղբայրական ու զգայական: ԵՊԱ ՀԿ ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ստիպված է եղել անվտանգության նկատառումներով կարդալ բոլոր նամակները: Նա նշում է, որ երեխաներն այնպիսի անմիջականությամբ էին դիմում զինվորին, որ մարմինդ փշաքաղվում էր այդ տեքստերից:
«Շատ երեխաներ նախադպրոցական տարիքի՝ անգրաճանաչ, պարզապես նկարել էին իրենց պատկերացումները, որոնք նույնպես շատ տպավորիչ էին»,- իր տպավորություններով կիսվեց Լիլիթ Մկրտչյանը:
Ըստ նախատեսվածի ՝ բոլոր նամակներին պետք է զինվորները պատասխան ուղարկեին, սակայն, ցավոք՝ ապրիլյան իրադարձությունների պատճառով պատասխան-նամակներն այդպես էլ երեխաներին չհասան, թեև խոստումը, որ առաջին հնարավորության դեպքում բոլոր նամակներին կպատասխանեն՝ ուժի մեջ է: Այս նախագծի շրջանակում, որպես ուս-տարվա ամփոփում, մայիսի 17-ին կազմակերպվեց հանդիպում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Քննարկվեցին ինչպես նամակները, այնպես էլ զինվորի դերը պետության ու հասարակության կյանքում, ապրիլյան իրադարձությունները և այլ բազմաթիվ հարցեր: Արծրուն Հովհաննիսյանը հետաքրքրվեց զորամաս այցելած դպրոցականներից, թե ի՞նչն է երեխաների մեջ բոլորից շատ տպավորել այդ հանդիպումների ժամանակ: Պարզվում է՝ տղաներին բոլորից շատ ոգեշնչել է զինվորի կարգապահությունն ու մարտունակության ձգտումը: Ոչ մի պատանի չհերքեց, որ ինքն էլ է ցանկանում ծառայել հայոց բանակում:
Անանիա Շիրակացի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ պրն Աղաբեկյանն էլ հիշեց, թե ինչպես էին հուզվում զինվորները, երբ բացում էին նկարազարդ ու պերճախոս նամակները. «Ես՝ ազատամարտիկս, որ ամեն ինչի միջով անցել եմ, երեխայի պես հուզվել էի այդ տեսարանից», – պատմեց նա: Հանդիպման ընթացքում նաև անակնկալներ եղան: Արծրուն Հովհաննիսյանը ԵՊԱ ՀԿ նախագահ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանին հայտնեց իր շնորհակալությունը մասնակցության համար և շնորհակալագրեր բաժանեց մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչներին և նվերներ աշակերտներին՝ գրքեր ու գրիչներ: Թեև հանդիումը նախատեսվածից երկար տևեց , սակայն ոչ ոք չէր ուզում հեռանալ:
Այն ամփոփվեց խմբային լուսանկարով: