Չորս մահ գրիպից. մասնագետը զգուշացնում է
Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ են սուր շնչառական հիվանդությունների դեպքերը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
“Փետրվարից ավելի շատ սկսեցին արձանագրվել գրիպի դեպքեր, և մարդիկ, հապաղելով դիմել բժիշկների` սկզբնական ժամանակահատվածում, հետագայում ավելի բարդ վիճակում դիմելով` խնդիրների առաջ կանգնեցին”,-մասնագետը :
Տիկին Ավետիսյանը նկատեց, որ երբ հիվանդության տարածման միտում կար, նկատվեց, որ դիմողների մեծամասնությունը բարձր դասարանների աշակերտներն են: Դա է պատճառը, որ մանկապարտեզներում գարնանային արձակուրդների ժամկետը չերկարաձգվեց:
“Մանկապարտեզներում հիվանդացությունն այդքան էլ բարձր չէ, դա միգուցե կապված է նրա հետ, որ ծնողները ավելի ուշադիր են լինում մանկահասակների նկատմամբ, կամ էլ դա հիվանդության առանձնահատկություններից է: Վերջին օրերին նկատվել է 1.1-1.2 անգամ նվազման միտում”:
Հիվանդությունները տարածված են հանրապետության գրեթե բոլոր մարզերում , սակայն քանի որ Երևանը առավել խիտ է բնակեցված, Երևանում տարածման ծավալն առավել ընդգրկուն է: Ամենահաճախ հանդիպում է “Բ” տեսակի գրիպը, ինչպես նաև այսպես կոչված` խոզի գրիպը:
“Այս պահին Երևանի բուժհաստատություններում կա սուր շնչառական վիրուսներով 340 հիվանդ և 118 հիվանդ, որոնց մոտ հայտնաբերվել է թոքաբորբի թույլ ձևեր: Մարզերում`270 հիվանդ սուր շնչառական հիվանդություններով և 125 հիվանդ թոքաբորբի թեթև արտահայտվածությամբ:
Ոլորտի պատասխանատուն կոչով դիմում է հանրությանը`դիմել բուժհաստատություն առաջին իսկ նշանների դեպքում, իսկ ախտանիշերն են քթահոսությունը, ուժեղ գլխացավը, թույլ ջերմությունը, հազը, աղիքային երևույթներ կարող են լինել, թուլություն, մկանացավ:
Գրիպից մահացությունների թիվը այս պահին 4-ն է, վերջին դեպքը արձանագրվել է Տավուշի մարզում 7 տարեկան երեխայի մոտ: Մահացության դեպքերն արձանագրվում են ուշացած դեպքերում, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների հետևանքով: