Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Կինշասայում /ֆոտո/
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:
Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին:
Կոնգոյի ղեկավարը շնորհավորեց Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի հետ իր հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացնելու է ձեռնարկվելիք քայլերն այդ ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, գործարար կապերի հաստատման հնարավորություններին, պայմանավորվածություն ձեռք բերվեց Բրազավիլում եւ Երեւանում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրել, արտգործնախարարությունների միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Կոնգոյի Հանրապետության միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության խթանման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանի եւ Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները: Հայաստանի եւ Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների եւ տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրեց Արեւմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի էությունը եւ դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Ջիբրիլ Բասոլեի հետ զրույցը նվիրված էր միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ իրավական հենքի մշակմանը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ակտիվացնելու նպատակով:
Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարար Դանիել Կաբլան Դունկանին: Նախարարներն արձանագրեցին, որ փոխգործակցության զարգացման ներուժ գոյություն ունի, որը համատեղ ջանքերով ոչ միայն կարեւոր է բացահայտել, այլ նաեւ իրագործել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջեւ գործարար կապերի ստեղծման, ինչպես նաեւ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: