Վստահության մթնոլորտ է պետք. Սեյրան Օհանյան
«Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել: Ամենաքիչ կրակոցներն են եղել»,-այս մասին այսօր՝մայիսի 19-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին և Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել»:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը միշտ կողմնակից է եղել բանակցություններին:
«Հանրապետության Նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ մենք կողմնակից ենք, կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բազմիցս միակողմանի կատարվել են այդ միջոցառումները, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, իսկ խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքննություն ենք անցկացրել և ներկայացրել: Կարծում եմ, որ ցանկացած վեճի արդյունքում խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու իրավիճակը վստահություն ստեղծելն է»: