Ալիեւն ունի նրանցից մեկի աջակցությունը. Ժամանակ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը այդ երկրի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը և Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Այդ փաստը նշանակում է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը շոշափել է Ռուսաստանի համար բավական կարևոր խնդիրներ, որոնք արժանացել են Անվտանգության խորհրդի նիստում քննարկելու անհրաժեշտության:
Սա նաև հասկանալի է, որովհետև խոսքը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին է, ինչը ուղղակիորեն նշանակում է հակամարտության վրա Ռուսաստանի Դաշնության տասնամյակների ժանդարմության ավարտ կամ վերջի սկիզբ: Իսկ դա խոշոր հեռանկարում ընդհանրապես Կովկասում ռուսաստանյան ազդեցության վերջի սկիզբ է:
Սա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը պետք է դիմադրի հրադադարի մեխանիզմին: Իհարկե բացահայտորեն դիմադրել չի ստացվի, որովհետև անտրամաբանական կլինի, եթե որևէ մեկը՝ Ադրբեջանից բացի, բացահայտորեն հանդես գա այդ մեխանիզմի դեմ:
Ինչո՞ւ է Ադրբեջանի դեպքում դա տրամաբանական: Որովհետև Ադրբեջանը հայտարարել է «օկուպացված տարածքների» մասին, այսինքն՝ հռչակել է, որ իր տարածքները պետք է ազատել հայկական ուժերից, և այդ իսկ պատճառով նա հրադադարի մեխանիզմը ստորադասում է իր հռչակած այդ խնդրին: Եվ այս առումով միայն ադրբեջանական պարագայում նման մերժումը ունի տրամաբանություն:
Վերջին հաշվով, Բաքուն չի էլ թաքցնում իր ռազմատենչությունը, թեև համանախագահների հետ հանդիպումներում արևելյան երեսպաշտությամբ փորձում է ներկայանալ որպես խաղաղ կարգավորման նվիրյալ: Որևէ այլ սուբյեկտի պարագայում աննորմալ կլինի բացահայտորեն մերժել կամ նույնիսկ չհամաձայնել հրադադարի պահպանման մեխանիզմներին, հատկապես քառօրյա պատերազմից հետո:
Դա նվազագույնն է, որ պետք է խաղաղության կամ կայունության համար: Եվ ահա, Ռուսաստանը, որ մինչև պատերազմ լռության էր մատնում այդ հարցը, այսօր ստիպված է իր համաձայնությունը տալ դրան: Սակայն այն, որ Պուտինը Վիեննայից հետո Ղարաբաղյան հարցը քննարկում է Անվտանգության խորհրդի հետ, վկայում է, որ Վիեննայում շոշափվել են Ռուսաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ:
Եվ այստեղ շատ հատկանշական է այսօր Բաքվից հնչած հայտարարությունը, որի հեղինակը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն է:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չի ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման հնարավորություններն ավելացնելու կապակցությամբ, դա ընդամենը Մինսկի խմբի համանախագահների կարծիքն է:
Այսպիսով, Բաքուն Վիեննայի պայմանավորվածություններից, համենայն դեպս հայտարարված պայմանավորվածություններից առնվազն մեկից, արդեն հետ է կանգնում ընդամենը մեկ օր անց: Կասկած չկա, որ շատ մոտ ապագայում սկսվելու է նաև հրադադարի մեխանիզմի բացահայտ տորպեդահարումը:
Կարո՞ղ է Բաքուն նման բան անել միայնակ, առանց որևէ համանախագահի աջակցության: Իհարկե չի կարող: Ինչպե՞ս կարող է Ալիևը միայնակ դուրս գալ Մինսկի խմբի երեք համանախագահների, ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամ տերությունների դեմ: Դա նշանակում է, որ Բաքուն ունի նրանցից մեկի աջակցությունը: Իսկ, ինչպես ասում են այդպիսի դեպքերում, փնտրիր նրան, ում ձեռնտու է «հանցանքը»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: