Ահել-ջահել բողոքում են` ուղղորդող չկա
Հայստանի ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Հայաստանի թատրոնի վիճակն ընդհանրապես չի բավարարում: ՛՛Թեև թատրոնում բավական լավ, բարձր գործեր կան, գեղագիտական առումով լավ է ամեն ինչ, սակայն թատրոնը հավատարիմ չի մնացել իր առաքելությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանարյանը:
Նրա խոսքով՝ թատրոնն այսօր չի բեմադրում այն, ինչը հուզում է հասարակությանը: ՛՛Կան սիրային խնդիրներ, ներկայացումներ, բայց դա չի այսօր մեր բուն հարցը: Թատրոնը գալիս է հարցեր լուծելու, եթե նա հարցեր լուծելու համար չլիներ, եկեղեցին էլ ժամանակին չէր հետապնդի, ուրեմն ինչ-որ բան է եղել այնտեղ՛՛,-ասաց դերասանը` հավելելով, որ թատրոնը նաեւ պետք է ուղղորդի հասարակությանը:
Ըստ Մանարյանի, այսօրվա թատրոնի որակը կապ չունի դերասանի ցածր աշխատավարձի հետ: Դերասան Վիլեն Սարգսյանը կարծում է, որ առանց աշխատավարձի էլ կարելի է լավ ներկայացումներ բեմադրել:
՛՛Թատրոնի խնդիրը պետք է ներսում գտնել: Մենք երիտասարդներս չգիտենք՝ որտեղից սկսենք, չունենք ուսուցիչներ, ովքեր կուղղորդեն մեզ՛՛,-ասաց նա:
Մանարյանը հավելեց, որ խորհրդային տարիներին հաճույքով մասնակցում էր հատկապես գյուղերում բեմադրվող ներկայացումներին: ՛՛Գյուղի թատերական դահլիճը, բեմը գոմն էր, կային մի աթոռ ու մի սեղան, մենք սպասում էինք, մինչև այդ մարդիկ կովերը կթում ու գալիս էին եւ հետո իմ հանդիսատեսը լալիս էր, և ես զգում էի, որ ես դերասան եմ և հանդիասատես ունեմ և հանդիասատեսն իմ մատուցածն ընդունում է: Այստեղ ամեն ինչը կա, բայց էն լացը չկա, չի լինում, որ գնաս լացես՛՛,-պարզաբանեց Երվանդ Մանարյանը:
Հ.Գ. Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: