Ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ. Սեյրան Օհանյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարարին՝ կամավորների վերաբերյալ:
Վերջինս շեշտեց՝ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք, փաստորեն, զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ ասաց՝ այն կամավորները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, օգտվում են սոցիալական պաշտպանության օրինական արտոնություններից: Այս մասին ընդունվել է համապատասխան որոշում:
«Իսկ ինչ վերաբերում է ծառայության հետագա կազմակերպմանը, դա կամավոր իրավունքի շրջանակներում է, և ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ»,- ասաց ՊՆ նախարարը:
Գագիկ Ջհանգիրյանին, սակայն, չբավարարեց նախարարի պատասխանը: Ջհանգիրյանն ասաց՝ խոսքը ոչ թե սոցիալական խնդիրների, այլ իրավական կարգավիճակի մասին է: Եթե, օրինակ, կամավորները կանոններ խախտեն, չեն ենթարկվում պատասխանատվության, նրանցով ռազմական ոստիկանությունը չի զբաղվում, այնպես որ` այդ հարցերը նորմատիվ կարգավորման կարիք ունեն: