23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում քրդերին վերաբերող հատվածը հետեւյալն է.

“Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Միջին Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, քանի որ ոչ մի երկիր ցարդ ազնիվ մարդահամար չի անցկացրել):

Բայց նույնիսկ նվազագույն հաշվարկներով ներկա Իրաքի բնակչությունից ավելի լինելով, աշխարհի էթնիկական այս ամենամեծ խմբավորումը մինչեւ օրս չունի իր պետությունը: Ավելին, Քսենոֆոնի ժամանակներից սկսած այդ ժողովուրդը ամենուրեք ճնշված է եղել ամենատարբեր կառավարությունների կողմից” (1):

 

Անվերապահորեն ընդունելով հանդերձ քրդերի ազատ, անկախ պետություն ունենալու եւ արժանապատիվ կյանք ու կենսագործունեություն կազմակերպելու իրավունքը, նշմարենք սակայն, որ այստեղ նրանք գործ ունեն “գայթակղություն” կոչված քաղաքական հնարքի հետ, որից ինչպես ասում են “դժվար է հրաժարվել”:

Այդպիսի մի հնարք, ավելի փոքր չափաբաժնով, օգտագործվեց նաեւ 19-րդ դարավերջին 20-րդի սկզբին հայության նկատմամբ, երբ նրան խոստացվեց բարենորոգումներ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում, ինչը ավարտվեց հայերի սկզբում մասնակի, ապա համապարփակ ցեղասպանությամբ: Ճիշտ է, ընդունվեցին նաեւ ցեղասպանության փոխհատուցման որոշումներ ու վճիռներ, բայց ճիշտ է նաեւ, որ դրանց իրականացմանը խանգարեցին նույն այդ ուժերը, որոնք գայթակղիչ առաջարկներ էին արել ժամանակին:

 

Մեկ այլ տեղում Ռալֆը շարունակում է.

 

“Ինչ վերաբերում է Սիրիայի եւ Իրանի քրդերին, նրանք էլ անկասկած կմիանան իրենց ազգակիցներին, եթե կարողանան, անկախ Քուրդիստանում: Աշխարհի օրինական ժողովրդավարական պետությունների հրաժարվելը կամ դժվարությունը մինչեւ օրս քրդական անկախությանը հետամուտ լինելու որոշումից պարզապես մարդու իրավունքների անտեսման մեղանչանքն է, որն անհամեմատ վատ է, քան բոլոր այն մեղքերը, որ մենք առօրյա մամուլում հանդիպում ենք: Ի դեպ, Դիարբեքիրից մինչեւ Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաեւ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ամենաարեւմտամետ պետությունը”:

 

Այստեղ վտանգն այն է, որ քրդերը կարող են գայթակղվել ոտնահարելու հայության միանգամայն օրինական եւ անբեկանելի իրավունքները եւ, հնարավոր է, Ռալֆի մտքինն էլ դա, որպեսզի դրա միջոցով շրջանցի հայության եւ Հայաստանի իրավունքները, ճիշտ այնպես, ինչպես դա արդեն պատահել է մեկ անգամ պատմության մեջ (2): Բայց դրա համար էլ պատմության դասը արժեքավոր է, այն է իմաստով, որ 19-րդ դարասկզբի վերջին եւ 20-րդի սկզբին նրանք ոտնահարեցին հայության իրավունքները, որի արդյունքում իրենք մենակ մնացին ցեղասպան ծրագրերով զինված թուրքական պետական մեքենայի դեմ:

 

Կա էլ ավելի վտանգավոր իրավիճակի սցենարը: Հնարավոր է, դրանով Ռալֆը փորձում է նաեւ իրար դեմ հանել երկու ժողովուրդներին, որի միջոցով փորձ կարվի լուծել մի քանի խնդիր միաժամանակ, ինչպես մեկ գնդակով երկու թիրախի դեպքում: Ամեն դեպքում երեւակվում է սցենարի հետեւյալ ուղղությունները.

 

-Փորձել այս անգամ քրդերի միջոցով շրջանցել հայության իրավունքները, այդ թվում Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրականացումը մեր օրերում:

 

-Փորձել ստեղծել անհաղթահարելի թշնամանք ու դիմակայություն քրդերի եւ հայերի միջեւ, դրանով արգելափակելով երկու ժողովուրդների ազատության միասնական ձգտումներն ու ծրագրերը:

 

-Արդեն թվարկված միջոցներով, երկարատեւ մի ժամանակահատվածի մեջ, փորձել տարածաշրջանը մաքրել բնիկ ժողովուրդներից, որովհետեւ ամեն դեպքում, երեւում է, որ տարածքները Ռալֆին պետք են առանց քրդերի, եւ առանց հայերի:

 

-Նախանշված սցենարների ձախողման դեպքում, պատմական այս հանգրվանի համար, փորձել անել այնպես, որ Թուրքիան ձերբազատվի հայության պահանջները բավարարելու պարտադրանքից եւ հայության տարածքային պահանջները տեղափոխել քրդերի վրա, դա հետագայում մեկ այլ ազգի վրա տեղափոխելու հեռանկարով, եւ այդպես շարունակ, մինչեւ տարածաշրջանում ուժ եւ դերակատարություն չունենան թե՜ քրդերը, թե՜ հայերը, եւ մի երրորդ կողմ ի հայտ գա տեր դառնալու այդպիսով “անտեր” մնացած տարածքներին:

 

Բարեբախտաբար, թե քրդերի, թե տարածաշրջանում ապրող այլ ազգերի համար հայության ապրած պատմական դաժան փորձը բավարար է հիմնավոր եւ վերջնական եզրակացություններ անելու: Պատմական փորձը բավարար է հասկանալու, որ Ռալֆի առաջարկները ռամա-քաղաքական ակտիվության անսքող հրավերներ են եւ որտեղ, սակայն, կարեւոր է հաշվի առնել հետեւյալ նկատառումները, որ` ազատության եւ ազատագրության ուղիներում հարկավոր է ապավինել նախ եւ առաջ սեփական ծրագրերին եւ ոչ թե դրսից թելադրված կամ պարտադրված նախագծերին, որ ազատության եւ ազատագրության ուղիներում անպայման է հարգել դրացի ժողովուրդների իրավունքները, այդ թվում` նրանց հիմնական եւ անօտարելի իրավունքը բնօրրան հայրենիքի նկատմամբ, որ սեփական բարեկեցությունը հնարավոր չէ կառուցել մեկ ուրիշ ազգի դժբախտության վրա:

 

Ամեն դեպքում երեւակվում է, որ Ռալֆը փորձում է մեզ արդեն հայտնի եղանակով քրդերին տալ հոշոտման ցեղասպան թուրքական պետության ձեռքը եւ կրկին փորձել շրջանցել հայության իրավունքները քրդերի միջոցով: Ինչը նշանակում է, որ Ռալֆին այս տարածքները պետք են առանց բնիկ ժողովուրդների…

 

Ուստի, բավարար հմտություն ու իմաստություն, բավարար փորձառություն ու խելամտություն հանդես բերելու դեպքում միայն եւ քրդերը, եւ հայերը կկարողանան ապահովել իրենց համար ազատ, անկախ եւ ինքնիշխան ազգային պետականություն կազամավորելու հերթական հնարավորությունը, ինչը եւ մաղթում ենք նրանց, եւ տարածաշրջանում ապրող մյուս ժողովուրդներին:

 

“Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ