Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը. Հայոց աշխարհ
Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը: Ասել է Էդուարդ Շարմազանովը թերթի հետ հարցազրույցում, որից ներկայացնում ենք մի հատված:
-Քաղաքապետի պաշտոնը “չզիջելու” վերաբերյալ ձեր հայտարարությունը ներկայացվեց որպես անհերքելի ապացույց, որ Հանրապետականն “այս անգամ էլ” պատրաստվում է կեղծել ընտրությունները՝ մյուս քաղաքական ուժերին վերապահելով 2-րդ տեղի համար պայքարելու “առաքելություն”։
-Ցավում եմ, որ իմ հայտարարությունը նենգափոխվել է։ Որեւէ մեկը չի ասել՝ Երեւանը չենք հանձնելու։ Ինձ հարց են տվել՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է մայրաքաղաքը “տալ” ԲՀԿ-ին՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու դիմաց։ Ես պատասխանել եմ՝ Հանրապետականը գործարքների չի գնում եւ Երեւանը որեւէ մեկին հանձնելու կամ չհանձնելու խնդիր չունի։
Պարզապես մեր որոշ քաղաքական գործիչներ միտումնավոր կամ անգրագիտության պատճառով պրովոկացիայի են տրվել՝ չիմանալով կամ չհասկանալով հարցի էությունը։
Ավելին՝ ասել եմ, որ ճիշտ, համակարգված աշխատանքի դեպքում մեր թեկնածու Տարոն Մարգարյանը ունի բոլոր շանսերը՝ վերընտրվելու քաղաքապետի պաշտոնում։ Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը, որ հանձնել կամ չհանձնելու խնդիր լինի։ Այնպես որ, լրագրողների առջեւ բոցաշունչ ելույթ ունեցող պատգամավորներին կամ պատգամավորուհիներին, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի մոռացված քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ ակնոց դնել կամ գոնե առանց ակնոցի ընթերցել իմ հայտարարությունները, նոր մեկնաբանություններ անել։
-Ի՞նչ եք կարծում, ձեր մրցակիցներին կհաջողվի՞ ընտրողին համոզել, որ Երեւանի ավագանու ընտրությունը նախագահական ընտրությունների շարունակությունն է՝ երկրորդ փուլի նման մի բան, որից կախված է պետության հետագա ընթացքը. երեւանցին կուլ կտա՞ այդ խայծը։
-Չնայած քաղաքական ուժերը ավագանու ընտրություններին մասնակցում են համամասնական ցուցակներով, այս ընտրություններով չեն որոշվում ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ո՛չ պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության, ո՛չ աբխազական երկաթգծի եւ այլընտրանքային ճանապարհների գործարկման հետ կապված խնդիրները։
Երեւանցին ընտրելու է ոչ թե ապագա արտգործնախարարին, վարչապետին կամ նախագահին, այլ մայրաքաղաքային տնտեսության կազմակերպչին։ Այս առումով, սրանք համայնքային ընտրություններ են։
Մենք համարում ենք, որ Տարոն Մարգարյանը լավ է աշխատել՝ այսօր Երեւանը շատ ավելի շահեկան վիճակում է, քան երեկ։ Փոփոխություններն անզեն աչքով էլ նկատելի են, եւ, կարծում եմ, երեւանցիները կկատարեն ճիշտ ընտրություն՝ վերընտրելով Տարոն Մարգարյանին: