Գերմանացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում /ֆոտո/
Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին, հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում:
Գերմանացի պատգամավորների հետ հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու ծրագրի համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանը եւ Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ եւ օբյեկտիվ գնահատականի կարիքը: Նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված եւ գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:
Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է միջազգային կառույցներում Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների աշխատանքը՝ նշելով, որ, ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Քննարկվել են նաեւ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գերմանիան, որն այնքան ուժ է ունեցել ճանաչելու Հոլոքոստը՝ դրանով եւս մեկ անգամ փաստելով, որ ուժեղ պետություն է, ուղղակի պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որքան էլ որ այսօր եւ մշտապես ակնհայտ է եղել Թուրքիայի հստակ ազդեցությունը Գերմանիայի վրա:
Գերմանացի պատգամավորները բարձրացրել են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ խնդիրը բավականին զգայուն եւ ցավոտ հարց է Հայաստանում, ինչին անդրադարձ եղել է եւ դեռ լինելու է:
Ուլլա Ելպքեն նշել է, որ իրենց քաղաքական ուժը՝ Ձախերի կուսակցությունը, դեմ է ռազմական գործողություններին եւ կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորումը: Նա անդրադարձել է Գերմանիայի ուսումնակրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներառման անհրաժեշտությանը: Տիկին Ելպքեն առանձնակի կարեւորել է իրենց այցն Արցախ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար:
Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի Ձախերի կուսակցության պատգամավորներ Մարտին Դոլցերին ու Հասան Բուրգուջօղլիին ընդունել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:
Արտակ Դավթյանը, ողջունելով պատգամավորների այցը Հայաստան, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության երկու առաջնահերթ հիմնահարցերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին:
Այս համատեքստում Արտակ Դավթյանը կարեւորել է Բունդեսթագում առաջիկա հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձեւի քննարկումը:
Գերմանացի պատգամավորները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությանը:
Պատվիրակության անդամ, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն հույս է հայտնել, որ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ հետագայում կբացառի ցեղասպանությունների կրկնությունը:
Նույն օրը գերմանացի պատգամավորներ Ուլլա Ելպքեի, Մարտին Դոլցերի եւ Հասան Բուրգուջօղլուի հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը լավ աշխատանքային փոխհարաբերություններ ունի Բունդեսթագի հետ: Նա կարեւորել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին եւ բարձր գնահատել գերմանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Պարոն Զաքարյանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններն այսօր մեզ թույլ են տալիս խոսելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման մասին:
Անդրադառնալով հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործընթացին՝ Արտակ Զաքարյանը փաստել է, որ այդ հարցում արդեն իսկ զգացվում է առաջընթաց: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից այդ բանաձեւի ընդունումը, քանի որ Գերմանիայի դիրքորոշումն այդ հարցում կարեւոր է շատ պետությունների համար: Պարոն Զաքարյանը հույս է հայտնել, որ Գերմանիային՝ որպես ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող երկրի, կհաջողվի առաջընթաց ապահովել նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ քաղաքական մեծ նշանակություն ունի. ճանաչել Ցեղասպանությունը՝ նշանակում է թույլ չտալ, որ այն կրկնվի: Նա բերել է Գերմանիայի օրինակը՝ Հոլոքոստի ճանաչումը համարելով քաղաքակրթական մեծ ձեռքբերում եւ նշել, որ այդ քայլը խոսում է պետության բարձր վարկի մասին: Գնահատելով գերմանացի պատգամավորների առաջիկա այցելությունն Արցախ՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ նրանք հնարավորություն կունենան իրական պատկերացում կազմելու խաղաղասեր, ազատատենչ արցախցիների մասին, ովքեր պատրաստ են զենքով պաշտպանելու իրենց ազատությունը, սակայն դա լավագույն ելքը չհամարելով՝ պատրաստ են բանակցելու՝ հանուն խաղաղության:
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը: Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության անաչառ վերաբերմունքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Ուլլա Ելպքեն իր խոսքում նշել է, որ ինքն ու գործընկերները ձգտում են հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլեւ սպասում են, որ ընդունվելիք բանաձեւում տեղ գտնի Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության եւ պատասխանատվության հարցը: Նա նշել է, որ թեեւ Գերմանիան եւ Թուրքիան հին դաշնակիցներ են, սակայն նոր լույսի ներքո պիտի կոտրվեն կարծրատիպերը: Գերմանացի պատգամավորի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունները ոչ միայն չդատապարտվեցին միջազգային հանրության կողմից, այլեւ խրախուսվեցին Թուրքիայի կողմից: Եվ այսօր Թուրքիան կանգնած է նոր ցեղասպանության շեմին:
Մարտին Դոլցերն իր խոսքում անդրադարձել է այն փաստին, որ Գերմանիան այսօր էլ լռում է՝ տեսնելով քրդերի նկատմամբ իրականացվող բռնությունները: Նա բարձր է գնահատել հայ ժողովրդի խաղաղարար մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում եւ նշել, որ տպավորվել է հայ խորհրդարանականների՝ ցանկացած հակամարտություն խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությամբ: