Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք. Շարմազանով
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Հարգելի’ խորհրդարան,
Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը եւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, եւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երեւանի առաջարկները՝ եւս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է եւ վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է:
Ավելին՝ հանդիպումից հետո Հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ.
- Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան:
- Բովանդակային իմաստով բանակցությունների մասին որեւէ խոսք չի եղել:
- Հայաստանյան կողմն առաջարկել է մինչեւ հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ: Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Հայաստանյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում:
- Մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
- Մենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն եւ արարեն հանուն Հայրենիքի: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի ջանքերը: Դա է մեր միակ ուղին:
Շնորհակալություն ուշադրության համար: