Օրենսդիր մարմինը քննարկում է ԸՕ և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի հիմնական զեկուցողն է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Մինչ Հարությւունյանը կզեկուցեր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ երկրորդ ընթերցման քննարկման փուլում նախագծերի փաթեթը համալրվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով, բացի այդ՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերում ավելացել են նոր հոդվածներ:
Նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանն իր խոսքում մանրամասնեց՝ ավելացվել են երկու հիմնական կետե: «Առաջինը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում, ինչը նաև Գագիկ Ջհանգիրյանի առաջարկությունն էր, որ ԱԺ նախագահի լիազորությունների մեջ հստակ ավելացվի հնարավորությունը՝ դիտորդական կազմակերպություններ հրավիրելու: Երկրորդ առաջարկությունն է, որ եթե հանձնաժողովում որևէ պատգամավոր առաջադրվում է, օրինակ՝ նույն ԿԸՀ անդամ կամ նախագահ, նա իրավունք ունենա ելույթ ունենալու և հարցեր տալու, բայց մյուս թեկնածուների հարցով ելույթ ունենալուց անպայման հրապարակի, որ առկա է շահերի բախում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: