Համաշխարհային բանկի պատվիրակությանը նախարարի մոտ էր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) աշխատանքային խմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից նախորդ տարվա հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` պարոն Շամսիևը մատնանշել է ծրագրի հաջող ընթացքի և արդյունավետության մասին, նշելով որ Հայաստանում իրականացվող ծրագիրն օրինակելի է հարևան երկրներում այս փորձը տարածելու համար, միաժամանակ նշելով այն ուղղությունները, որոնք դիտարկվել են որպես առավել առաջնային` գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար: Դրանք են` թարմ մրգի և բանջարեղենի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև գյուղմթերքների արտադրության կլաստերի հիմնումը:
Առաջարկներ են ներկայացվել նաև գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների հզորացման, գյուղատնտեսական հողերի շուկաների հզորացման, սննդամթերքի անվտանգության ստանդարտների, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հարցերի կատարելագործման վերաբերյալ:
Լսելով հնչեցված առաջարկները և կարևորելով դրանց դերն ու նշանակությունը ագրարային բնագավառի զարգացման գործում` նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին, ներկայացրել է այն ուղղություններն ու խնդիրները, որոնց լուծումը առավելապես կնպաստի ոլորտի առաջընթացին:
«Համաշխարհային Բանկի կողմից մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում նաև CARMAC ծրագիրը մեծապես նպաստել են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը: Այժմ մեր նպատակն է հզորացնել մեր արժեշղթաները, որպեսզի արդյունքում ավելանան գյուղատնտեսների եկամուտները», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Որպես ոլորտի զարգացման համար առաջնային ուղղություններ` նախարարը, մասնավորապես, նշել է գյուղմթերքի առևտրայնացման և շուկայահանման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, գյուղմթերքի հավաքման կենտրոնների, սառեցման և փաթեթավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության և կաթնատվության բարձրացման նպատակով արհեստական սերմնավորման իրականացումը, դրանով սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով բակային մորթը վերացնելու համար հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցների կառուցումը, ՀԲ ծրագրերում ընդգրկված համայնքների կոոպերատիվներում գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը: Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման հարցը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկուստեք ներկայացված առաջարկությունները: Քննարկումներն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է առաջիկայում կազմակերպել սեմինար` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին