«Մարդիկ կան` երազում տեսնում են` վաղն ինչպես են թալանելու մեր երկիրը»
«Կասկած կա, որ այդ ամենը կյանքի կկոչվի», – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք` վարչապետն իր հայտարարությունում շեշտել էր`
հարկ է խնայողություններ անել, պետական կառավարման ապարատը ավելի կոմպակտ դարձնել ու օպտիմալացնել, ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և այլն:
«Ինչպես հասարակ քաղաքացիները, այնպես էլ կառավարողները հասկացան՝ նման ձևով կառավարելն ու ապրելն արդեն անհնար է: Ոմանք ինքնամոռաց թալանում են մեր երկիրը: Պետք է կանգ առնել: Անդրադառնալով ելույթին չենք կարող ասել, թե երբ կկենսագործվի այդ ամենը: Ես կուզենամ ասել՝ ողջունում եմ այդ հակտարարությունը ու ուզում եմ, որ մենք գործի անցնենք: Այս անպատիժ թալանին պետք է վերջ տան: Խնայողություը ոչ միայն պետությունից է սկսվում, այլև տնից: Մարդ պիտի ափսոսանքով ու խնամքով վերաբերվի ամեն ռեսուրսի:Մեր նախարարությունները նայե'ք ու դրանցում աշխատող անձանց քանակը, ծառայողական ավտոմեքենաների թիվը, թանկարժեք գործուղումները, իշխանավորների ճոխ աշխատասենյակները:
Մարդ զարմանում է` ինչպես կարող է այդ ամենը տեղի ունենալ մի երկրում, որտեղ աղքատության մակարդակն այսքան բարձր է: Մարդիկ կան գիշերը քնում են ու երազում էլ են տեսնում`
վաղն ինչպես են թալանելու … Էլ ի՞նչ խնայողության մասին է խոսքը: Փողասիրությունը սատանյի գործիքն է: Այդպիսի մարդիկ հիվանդ են: Մարդ պիտի գոմե մի քիչ զուսպ լինի: Եկե’ք լավատես լինենք, հավատանք, որ լավ կլինի ու կպատժվեն թալան անողները, որովհետև, կրկնում եմ` այսպես ապրելն արդեն անհնար է», – ասաց տնտեսագետը: