Սեյրան Օհանյանն այցելել ռազմարդյունաբերական ձեռնարկություններ /ֆոտո/
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:
Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում է:
Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: