Եզդի պատանին հաղթել է շախմատի առաջնությունում
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, 15-ամյա Զուրբա Բաքոյանն օրեր առաջ մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դորոխովո քաղաքի շախմատի ամենամյա առաջնությանը՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը:
15-ամյա պատանին հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանում ապրիլի 2-ից անօրինական բանտարկված ազգությամբ եզդի գործարար Ջնդի Ամարյանին՝ իր հերթին ևս մեկ անգամ պահանջելով ազատ արձակել վերջինիս:
Նշենք, որ Զուրբան ծնվել և մեծացել է Հայաստանում, միայն վեջերս է տեղափոխվել Ռուսաստան: 11 տարեկանից զբաղվել է շախմատով, Հայաստանի տարբեր մրցաշարերում ևս հաղթանակներ նվաճել:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց, որտեղից երթով շարժվեցին ՀՀ կառավարություն և ՀՀ գլխավոր դատախազություն:
Նրանք պահանջում էին ազատ արձակել եզդի գործարար, բարերար «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին։ Եզդիական համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Ջնդի Ամարյանը ապրիլի 2-ից ապօրինի կերպով գտնվում է կալանքի տակ։