Տարոն Մարգարյանը Արաբկիրում էր
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաեւ գրադարանների ջեռուցման խնդիրը:
Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 36 գրադարաններից դեռեւս չջեռուցվող 16 գրադարանները կապահովվեն անահատական ջեռուցմամբ, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասեր հասարակության համար գրադարաններում հարմարավետ պայմանների ապահովմանը. “2012թ-ին մենք ամբողջությամբ լուծեցինք մանկապարտեզների եւ հանրակրթական դպրոցների ջեռուցման հարցը: Այս տարի արդեն խնդիր ենք դրել ամբողջությամբ ջեռուցել նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, ինչպես նաեւ դեռեւս չջեռուցվող մշակութային օջախները: Գրադարաններում այսօր նաեւ հիմնանորոգման անհրաժեշտություն կա եւ առաջիկա ծրագրերում անպայման ընդգրկելու ենք նաեւ այդ աշխատանքները”,- ընդգծել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաեւ բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում եւս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Կոմիտասի 48, 54, ինչպես նաեւ Գրիբոյեդովի 5 շենքերի բնակիչները հնարավորություն կունենան արդեն ամռանը իրենց հանգիստը անցկացնել հենց իրենց բակերում: Սպասված այս ծրագրի մեկնարկը մեծ ոգեւորություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Օգտվելով առիթից նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բնակիչների խնդիրներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Նոր խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով կկահավորվեն նաեւ Ադոնցի 9-ը շենքի եւ Արաբկիր 39 փողոցի 2-րդ շենքի հարակից բակային տարածքները: Շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում եւ հանգստի հարամարվետ այս գոտիները ժամանակին կհանձնվեն բնակիչների տնօրինմանը:
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում խաղային նոր ատրակցիոնների տեղադրմանը զուգահեռ իրականացվում են նաեւ ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքներ: Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Գրիբոյեդովի 13 – Մամիկոնյանց 35 շենքերի բակում ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին:
Հարմարավետ միջավայրի կազմակերպման աշխատանքներ են սկսվել նաեւ Քանաքեռ ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող 1-8 շենքերի բակային տարածքում: Բարեկարգման ծրագրի մեկնարկը մեծ ոգեւորություն էր առաջացրել թաղամասի բնակիչներ շրջանում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար, բնակիչները վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակին. “Մայրաքաղաքի համաչափ զարգացման հարցում մենք որդեգրել ենք հստակ քաղաքականություն եւ Արաբկիր վաչական շրջանում եւս ինչպես բակերի համալիր բարեկարգման, այնպես էլ հանգստի գոտիների ստեղծման համար ընտրված են այնպիսի տարածքներ, որտեղ տասնյակ տարիներ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել: Շատ կարճ ժամանակ անց արդյունքներն արդեն նկատելի կլինեն ավելի քան 400 բակերում եւս”,-նշել է քաղաքապետը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն