Էյֆորիայից հետո. 168 Ժամ
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած էյֆորիան կամաց-կամաց իր տեղը զիջում է հանրային հիասթափությանը: Այդ էյֆորիայի հիմքում հասարակական համախմբվածությունն էր, Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղով` նաև Հայաստանը պաշտպանելու մղումը, այդ մղման արդյունքում՝ սահմանին կանգնած զինվորների իսկական հերոսությունները:
Ինչպես այդ օրերին ասում էին գրեթե բոլորը, այդ էյֆորիան, էներգիան բացառիկ շանս էր բոլորի, բայց առաջին հերթին՝ իշխանության համար` նախկին արատավոր գործելակերպը դադարեցնելու, իսկապես սթափվելու համար: Իշխանությունը կարող էր եթե ոչ՝ կտրուկ քայլերով, ապա՝ գոնե համապատասխան ազդակներով ցույց տալ, որ պատրաստ է փոփոխություններ կատարել ներքին կյանքում` տնտեսական մենաշնորհների վերացման, ստվերային տնտեսության իրական` խոշորների հաշվին կրճատման, ներքաղաքական հարաբերությունները, քաղաքական օրակարգը ճղճիմ մակարդակից բարձրացնելու ուղղությամբ:
Իշխանությունը կարող էր վերջապես` զգալով հասարակության աջակցությունը, վերականգնել արժանապատիվ հարաբերություններն առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, դուրս գալ ստորադասի, կցորդի կարգավիճակից: Այդ ուղղությամբ ապրիլյան առաջին օրերին կոնկրետ քայլեր կատարվեցին, հնչեցին համապատասխան հայտարարություններ, որոնք, թվում էր` հիմք են դառնալու արտաքին քաղաքականության վերանայման, իրական վերանայման ու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար:
Սակայն դա տևեց ընդամենը մի քանի օր, և Ռուսաստանից ունեցած օրգանական վախը վերագտավ իր տեղը Հայաստանի իշխանությունների ու ոչ միայն՝ իշխանությունների, նաև շատ ընդդիմադիրների հոգիներում ու մտքերում, տեղ գտավ այնքան, որ սկսեցին համարյա Ռոգոզինին կրկնող հայտարարություններ անել` կրկնելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն արդարացնող բարբաջանքները:
Հանրությունը տեսավ ու լսեց, մտածեց ու հասկացավ, որ սեփական զավակների կյանքի գնով կարողանալով արժանի հակահարված հասցնել արտաքին թշնամուն, անզոր է ներքին թշնամու դեմ: Որովհետև, ի տարբերություն արտաքին թշնամու, ներքինը, թշնամու ներքին տեսակն ամենուր է` թաքնված հայրենասիրական ելույթների ու սրտաճմլիկ դեմքերի, բանակի զենքի հաշվին հարստացածների կողմից՝ բանակի մարտունակության մասին ճամարտակությունների հետևում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: