Պակասում է Ռոբերտ Քոչարյանը. Ժամանակ
Հայաստան է վերադարձել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, «Դաշինքե կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը, որը շատ երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից, ընդ որում՝ ըստ մամուլի հրապարակումների, բացակայում էր տարբեր ֆինանսական խնդիրների մեջ ներգրավված լինելով: Նույնիսկ տեղեկություններ էին եղել, որ Բաբայանը գրավադրել է իր նախկին կուսակցական գործընկեր Ալբերտ Բազեյանի գույքը: Եվ ահա Սամվել Բաբայանը, ըստ մամուլի, վերադարձել է Հայաստան և քննարկում է քաղաքական դաշտ մտնելու հնարավորությունները:
Բաբայանի անվան շուրջ խոսակցությունները հատկապես ակտիվացան ապրիլյան զարգացումների օրերին, երբ հասարակական տարբեր շրջանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ եթե Բաբայանը լիներ կառավարման համար պատասխանատուն, ապա իրավիճակը առաջնագծում և ընդհանրապես՝ պաշտպանական գործողությունները կլինեին առավել արդյունավետ:
Ինչքանով է պրագմատիկ կամ իրատեսական այս պնդումը՝ շատ դժվար է ասել: Փաստն այն է, որ Բաբայանը Հայաստանում և Ղարաբաղում իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչ է, որը ժամանակի ընթացքում ինչ-ինչ տարաձայնություններ ունեցավ այդ համակարգի հետ, միգուցե անձնական, միգուցե տնտեսական բնույթի:
Ներկայումս, իհարկե, բացարձակապես իմաստ չկա խորամուխ լինելու այս հարցերի մեջ, քանի որ սրանք մանր են այն խնդիրների ֆոնին, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, և որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Եվ այս կոնտեքստում հարցն այն է դառնում, թե արդյո՞ք Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այդ լուծումների հարցում մնում են հին դեմքերի հույսին, և արդյո՞ք ներկայիս ստեղծված իրավիճակում լուծումներ և ելքեր հասունանալու փոխարեն՝ դրանց ֆոնին և դրանց առիթով հասունանում են ընդամենը ներիշխանական կամ ներհամակարգային միջանձնային կամ միջկլանային հարաբերությունների պարզաբանման նոր հնարավորություններ:
Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան՝ ստեղծված իրավիճակում ակտիվանում են մարդիկ, որոնք ըստ էության ունեն անցնող երկու տասնամյակների զարգացումներում պատասխանատվության իրենց բաժինները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Սամվել Բաբայան, Վարդան Օսկանյան, պակասում է Ռոբերտ Քոչարյանը: