ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման ներքո, որի մեկնարկից մինչ այժմ երկրի 148 համայնքներում իրականացվել է ենթակառուցվածքների վերականգնման 263 ծրագիր:
Ավարտված ծրագրերի 46 տոկոսն առնչվում են հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին եւ մշակույթի տներին: Ներկայում մեկ տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, եւս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ:
Այնուհետեւ խորհուրդը հաստատել է Սոցներդրումների հիմնադրամի 2013 թ. բյուջեն եւ հավանություն տվել այս տարի իրականացվելիք մի շարք ծրագրերին: Վարչապետ Սարգսյանը կարեւորել է դրանց իրականացումը հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում, ինչին ի պատասխան՝ Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ ծրագրերը նախատեսվում են ՀՀ կառավարության տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ:
Ըստ 2013 թ. բյուջեի՝ ՀՍՆՀ-ի 3-րդ ծրագրով նախատեսված է 3.56 միլիարդ դրամ, որով կիրականացվի երեք տասնյակից ավելի ծրագրերի ֆինանսավորումը, եւս 10-12 ծրագիր կճշգրտվի մոտ ապագայում: