15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի հաշվին է ավելացել արտահանումը

Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին առանձնացավ արտահանման բարձր ակտիվությամբ՝ առաջին եռամսյակում 78 մլն դոլարով գերազանցելով նախորդ տարվա մակարդակը։ Ընդհանուր առմամբ արտահանումը կազմեց 375,8 մլն դոլար։ Այն 28 մլն դոլարով ավել էր նաեւ 2014թ. համեմատ, երբ արտաքին տնտեսական իրավիճակը շատ ավելի բարվոք էր հայաստանյան արտահանողների համար։

Արտաքին առեւտրի ոլորտում այս տարի արձանագրված դրական զարգացումները պայմանավորվել են մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների ավելացմամբ։ Նկատելի է բուսական եւ կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունների աճը արտաքին շուկաներում։ Եթե առաջինի արտահանումն ավելացել է գրեթե 68, ապա երկրորդինը՝ շուրջ 55 տոկոսով։ Ընդհանուր առմամբ այս երկու ոլորտների հաշվին դուրս է տարվել 23,7 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 14,9 միլիոնի դիմաց։

Պատրաստի սննդի արտահանման ոլորտում արձանագրվել է 41 տոկոսանոց աճ։ Տարեսկզբի երեք ամիսներին այն գերազանցել է 77,6 մլն դոլարը։ Մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր ընդամենը 55 մլն դոլար։

Կտրուկ աճ է գրանցվել մանածագործական իրերի արտահանման առումով։ Նախորդ տարվա 11,8 մլն դոլարի փոխարեն, 2016թ. առաջին եռամսյակում տնտեսության այս ճյուղի հաշվին արտերկիր է տեղափոխվել ավելի քան 20,3 մլն դոլարի ապրանք։

Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել սարքերի եւ սարքավորումների արտահանման ոլորտում։ Նախորդ տարվա մակարդակը գերազանցվել է 3,6 անգամ։ Ընդհանուր առմամբ արտահանվել է 7,2 մլն դոլարի սարքեր եւ սարքավորումներ։

Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանումը եւս տարեսկզբին բարձր աճ է գրանցել։ 2015թ. համեմատ այն ավելացել է 28 մլն դոլարով՝ հասնելով 74 միլիոնի։

Թեեւ տպավորություն է ստեղծվել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքահարդյունաբերության շահագործման ծավալների ավելացմամբ, այնուհանդերձ իրականում այնքան էլ այդպես չէ։ Անշուշտ այն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության եւ արտահանելի հատվածի առանցքային ճյուղերից մեկը։ Սակայն զուտ ֆինանսական միջոցների հավելյալ մուտքերի առումով այն երբեմն զիջում է այլ ապրանքատեսակների շուկաներում արձանագրված միտումներին։

Ընդհանուր առմամբ հանքահումքային ապրանքների արտահանումը տարեսկզբին կազմել է 107 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 17 միլիոնով։ Այն դեպքում, երբ սննդի հավելաճը առաջին եռամսյակում կազմել է 22 միլիոն, իսկ թանկարժեք քարերինը՝ 28 մլն դոլար։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ