Պետք է պատասխանատվության ենթարկվեն. աշխատանքից հեռացնելը բավարար չէ
«Պետք է պատրաստվել եւ միշտ լինել թշնամու ոտնձգություններին ու կարողանանք կանխել տեղի ունեցող և, հավանաբար, տեղի ունենալիք վտանգները: Միջին վիճակագրական քաղաքացուց մինչեւ բարձրագույն իշխանություն պիտի հասկանան, որ այլեւս փոքր-ինչ հնարավորություն չունենք շռայլելու, վատնելու պետական միջոցները, գողանալու պետական գանձարանից,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, թե այս օրերին բոլորը մի տեսակ վերափոխվեցին, մաքրվեցին: Միայն թե դրական մոտիվացիան պետք է համապատասխան հետեւանքներ բերի, այլ ոչ թե համեմատաբար կայուն վիճակում վերադարձ հին գործելաոճին:
-Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, որոնց թողտվությամբ տեղի ունեցած բացթողումները հանգեցրեցին մարդկային կորուստների: Պետք է շարունակեն պատասխանատվության ենթարկվել այն անձինք, ովքեր հեռացվել են աշխատանքից, բայց դեռ օդում կախված շատ հարցեր կան, որոնց պատասխաններին հանրությունը սպասում է»:
«Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա այն ալիևյան ռեժիմի սեփական գոյությունն ու ժառանգաբար ձեռք բերված իշխանությունն արդարացնելու հերթական դրսևորումներից էր: Սա ահաբեկչական բնույթի պետության գործունեության արդյունք էր : Եվրոպան վաղուց սա պիտի հասկանար` այն բանից հետո, երբ մարդու իրավունքի օրրան համարվող Եվրոպայում կացնահարվեց հայ երիտասարդը, եւ տարիներ անց ցմահ ազատազրկված հանցագործը վերադառնալով իր երկիր` այնտեղ հերոսացավ»:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, Տիգրան Ուրիխանյանը նկատեց` ԼՂՀ-ն պետք է ճանաչվի թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ կողմից, իսկ թե որ պահին, ինչպես, կախված է բազմաթիվ հանգամանքներից, իրադարձությունների զարգացումից: Ուրիխանյանը կողմ է քվեարկելու ԼՂՀ ճանաչման օրինագծին: