20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը. Իրանի դեսպան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև  իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:  Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերի ընդլայնման կարևորությունը` քաղաքապետն առանձնացրել է հանգամանքը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ իրանցիներ են նախընտրում իրենց տոնական օրերը անցկացնել Երևանում:

Հատկանշելով մայրաքաղաք Թեհրանի հետ կապերի ակտիվացումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները բավական դրական արդյունք են տվել.

“Հույս ունեմ, որ Թեհրանի քաղաքապետի Երևան կատարելիք հաջորդ այցի ժամանակ արդեն կստորագրվի բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, որի նախագծի շուրջ արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել”,- նշել է Երևանի քաղաքապետը հավելելով, որ համաձայնագիրը գործընկերային կապերի ամրապնդման և ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար` դեսպան Մոհամադ Ռեիսին իր հերթին նշել է, որ հատկապես վերջին շրջանում Երևանն ավելի ու ավելի է գեղեցկանում, ինչն իր հերթին նպաստում է իրանցի զբոսաշրջիկների հոսքին:  

Վերջինս հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը: “Կարծում եմ՝ սա մեր երկրների միջև բարեկամության լավագույն արտահայտումն է: Այս կարճ ժամանակում Երևանում դրական փոփոխություններն ակնհայտ են, և դրանում մեծ է Ձեր ներդրումը”,- ասել է դեսպանը:

Գնահատելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության բարձր մակարդակը և ընդգծելով, որ Երևանի հետ գործընկերային կապեր հաստատելու և ընդլայնելու ուղղությամբ շահագրգռված են նաև Իրանի այլ քաղաքներ, դեսպան Ռեիսին նշել է, որ մասնավորապես Շիրազի և Սպահանի քաղաքապետերն ուրախ կլինեն իրենց քաղաքներում հյուրընկալելու Տարոն Մարգարյանին:  Դեսպանը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը կնպաստի Հյուսիս-Հարավ արագընթաց  ավտոմայրուղու կառուցումը:

 

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` շարունակելու Երևանի և ԻԻՀ քաղաքների միջև համագործակցությունը և այդ հարցում քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում աջակցել Իրանի դեսպանությանը: Կարևորելով համագործակցության զարգացումն ու ակտիվացումը՝ քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկա համաձայնագրի ստորագրումը էլ ավելի կխթանի համագործակցությունը, և արդյունքները շոշափելի կլինեն  համատեղ կյանքի կոչվող բոլոր ծրագրերում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ