«Նախընտրական տարին կփչացնեն»
Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Վերջինս նշեց՝ ակնհայտ է՝ եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն իմանան, որ պետք է անցնեն այդ համակարգին, կսկսեն ցույցեր անել ու այդպիսով կփչացնեն նախընտրական տարին:
«Համակարգը այս ընթացքում ցույց է տվել, որ այն ժամանակ ներկայացված բոլոր փաստարկները շատ տեղին, ճիշտ է եղել և այն իրեն չի արդարացնում», – ասաց Մարուքյանը:
Օրենքը երաշխավորում է գումարների վերադարձելիությունը՝ գնաճին համապատասխան և սա, ըստ Մարուքյանի, մեծ խնդիր կարող է դառնալ:
Մարուքյանի կանխատեսմամբ՝ տարիներ անց այնպիսի գնաճ է լինելու, իսկ այդ գումարները վերադարձնելն իսկապես դժվար է լինելու:
«Ես կարծում եմ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը այս օրենքը ընդհանրապես հանելու է, ուղղակի չգիտեմ, թե այդ գումարները ինչպես են վերադարձնելու մարդկանց, որովհետև այդ գումարները անարդյունավետ են կառավարվում, և գումարները այնքան չեն, որ կարողանան եկամտաբեր լինել և կա տեղեկատվություն, որ այդ ֆոնդերը վնասներով են աշխատում», – ասաց Էդմոն Մարուքյանը: