Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը
ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը:
«2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 39 դեպք, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11-ով: Նախորդ տարի ինքնասպանության դեպքերն ավելի շատ Երևանում էին, Շիրակում, Արարատում: Այս տարի 2-ով նվազել է մայրաքաղաքում գրանցված ինքնասպանությունների թիվը, կեսից ավելի նվազում է նկատվում Շիրակում: Առաջին եռամսյակում Արարատի մարզում ընդհանրապես ինքնասպանության դեպք չի գրանցվել»,-ասաց գնդապետ Խանգելդյանը` հավելելով, որ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն գրանցվել է ինքնասպանության փորձի 103 դեպք . «Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 47-ով»: