Պատվո շքանշան անվանի հայագետ Կիմ Բակշիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ եւ մշակութաբան Կիմ Բակշիին: Նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, ով իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու եւ ավելի ճանաչելի դարձնելու գործին: Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին Հանրապետության նախագահը հանձնել է Պատվո շքանշան, որով հայ ժողովրդի մեծ բարեկամը պարգեւատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպմանը Կիմ Բակշին տեղեկացրել է Նախագահին, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության տրված նոր գրքով՝ “Արցախի հոգեւոր գանձերը” վերնագրով: Սերժ Սարգսյանը գրողին մաղթել է առողջություն եւ հաջողություններ՝ հետագա բոլոր նախաձեռնություններում: