Նախագահը Շիրակի եւ Արագածոտնի մարզերում էր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին եւ ընկերության զարգացման ծրագրերին:
Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ընկերությունն զգալի ներդրումներ է կատարել՝ տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով: Արդյունքում, այսօր ավելի քան 160 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի եւ գինու, ինչպես նաեւ սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիներ: Այժմ ընկերությունը խաղողի մշակումից անցնում է վերամշակման եւ սկսել է մթերման գործընթացը:
Պատասխանատուների հավաստմամբ, արդեն հաջորդ տարվա մայիսին գործարանը կներկայացնի իր առաջին արտադրանքը՝ “Shato ArmAs” անվանումով կարմիր, սպիտակ եւ վարդագույն գինիները, իսկ 3 տարի անց՝ նաեւ “ArmAs” անվամբ առաջին կոնյակը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, բարձրորակ հայկական հումքով եւ լավագույն որակական չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներով ստացված արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլեւ արտերկրում:
«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»-ի զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաեւ տարածքում ստեղծել հյութերի, ջեմերի, մուրաբաների գործարան, ջերմոցներ, անասնաբուծական ֆերմա եւ ձկնաբուծարան: Դրանց շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Ընկերության կարեւոր նախաձեռնություններից է նաեւ ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը շահագործման կհանձվի մյուս տարվա մայիսին: “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս”-ի ընթացիկ աշխատանքներին եւ հեռանկարային ծրագրերին ծանոթանալուց հետո, Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը՝ հետագա աշխատանքներում:
Արագածոտնի մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը Գյումրիի “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում ծանոթացել է “Աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի” 2-րդ փուլի շրջանակներում կատարված եւ ընթացիկ աշխատանքներին:
2008թ. սկիզբ առած՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված շուրջ 85 մլրդ. դրամ արժողությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 3714 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների/բնակելի տների հատկացմամբ եւ ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Դրա հետ մեկտեղ, ներկայում շինարարության ընթացքում գտնվող 743 եւ լրացուցիչ սկսվող 608 բնակարանների/բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով իրենց լուծումը կստանան եւս 1351 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար սահմանված կարգով հաշվառված մոտ 400 ընտանիքների կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Արդյունքում, ծրագրի շրջանակներում կլուծվեն շահառու ճանաչված շուրջ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2-րդ փուլով Գյումրիի “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում շինարարությունն սկսվել է 2010թ.: Թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները` ներքին հարդարմամբ եւ առաջին անհրաժեշտության որոշակի կահավորմամբ: Կառուցապատումն իրականացնում է “Գլենդել Հիլզ” ընկերությունը:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ “Մուշ-2” թաղամասի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել դպրոցում, ծանոթացել կրթական այդ հաստատությունում իրականացված աշխատանքներին եւ պայմաններին:
Նախագահը նորակառույց “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում շրջայցի ընթացքում այցելել է մի շարք բնակարաններ, շնորհավորել տոնական սեղանների շուրջ բնակարանամուտը նշող ընտանքիներին:
Սերժ Սարգսյանը նոր կառուցվող շենքերի շինհրապարակի մոտ ծանոթացել է թաղամասի գլխավոր հատակագծին: Հանրապետության ղեկավարին ներկայացվել են շենքերի նախագծերն ու զեկուցվել շինարարական աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ “Մուշ-2”-ի համալիր կառուցապատման նախագիծը: Քննարկման արդյունքում “Գլենդել Հիլզ” ընկերությունը պարտավորվածություն է ստանձնել իր միջոցներով “Մուշ-2” թաղամասում կառուցել մանկապարտեզ:
Շրջայցի ավարտին Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: