ԵՄ գլխավոր բանակցողը հանդիպեց ԱԱԽ քարտուղարին
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկկողմ ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանի և Եվրամիության նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երևանում:
Արթուր Բաղդասարյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը։
Անդրադարձ կատարվեց նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Վիգանդը բարձր գնահատեց հայկական կողմի կատարած աշխատանքները: